17:08  ,  27 հուլիսի, 2021

Աշխարհի գավաթ. Հայկ Մ. Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց թայ–բրեյքի առաջին պարտիայում

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հայկ Մ. Մարտիրոսյանը (2648) 1/8 եզրափակիչի թայ–բրեյքում Մամին Տաբատաբաեի (2613, Իրան) հետ արագ խաղի առաջին պարտիան սպիտակ ֆիգուրներով 49–րդ քայլում ավարտեց ոչ ոքի։ Քիչ հետո կմեկնարկի երկրորդ պարտիան։

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչի երկրորդ դասական պարտիայում հայ գրոսմայստերը պարտություն էր կրել։ Առաջին դասական պարտիայում Հայկ Մ. Մարտիրոսյանը սեւերով հասել էր հաղթանակի։

Հաջողության դեպքում, Հայկ Մ․ Մարտիրոսյանի մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի Վլադիմիր Ֆեդոսեեւ (2696, Ռուսաստան) - Վելիմիր Իվիչ (2581, Սերբիա) զույգի հաղթողը։ Նրանց երկու դասական պարտիաներն ավարտվել էին ոչ ոքի եւ պայքարը շարունակվում է թայ–բրեյքում, որի առաջին պարտիայում հաղթեց Վլադիմիր Ֆեդոսեեւը։

Հիշեցնենք, որ 2016թ. աշխարհի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մ․ Մարտիրոսյանն առաջին շրջանում հաղթել էր զամբիացի Չիտումբո Մվալիին (2281), երկրորդ շրջանում՝ թուրք Մուստաֆա Յիլմազին (2630), երրորդ շրջանում՝ Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակը 6–րդ համար Շաքրիյար Մամեդյարովին (2770), չորրորդ շրջանում՝ խորվաթ Անտե Բրկիչին (2592)։

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում