19:05  ,  10 հուլիսի, 2021

Առաջին ռակետ Էշլի Բարթին առաջին անգամ հաղթեց Ուիմբլդոնում (ֆոտո)

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի հաղթողի կոչումը նվաճեց աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարթին:

Եզրափակիչում ավստրալացի թենիսիստուհին 3 սեթում առավելության հասավ չեխ, 13-րդ ռակետ Կարոլինա Պլիշկովայի նկատմամբ՝ 6:3, 6:7, 6:3: Մրցախաղը տևեց 1 ժամ, 55 րոպե:

2012 թվականից հետո առաջին անգամ Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի եզրափակիչում հաղթողը որոշվեց երրորդ սեթում:

25-ամյա Էշլի Բարթին առաջին անգամ հաղթեց Ուիմբլդոնում և նվաճեց երկրորդ տիտղոսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: 2019-ին նա նվաճել էր նաև «Ռոլան Գարոսի» հաղթողի կոչումը:

Մինչև այս Ուիմբլդոնի մրցաշարում Էշլի Բարթիի լավագույն ցուցանիշը քառորդ եզրափակիչ հասնելն էր:

29-ամյա Կարոլինա Պլիշկովան առաջին անգամ խաղաց Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչում:

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 35 միլիոն ֆունտ ստերլինգ է։ Հաղթողի կոչումը նվաճելու շնորհիվ Էշլի Բարթին կստանա 1.7 միլիոն ֆունտ ստերլինգ և 2000 վարկանիշային միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում