11:38  ,  2 հուլիսի, 2021

«Ալաշկերտն» ունի 6 նորեկ ու նոր մարզիչ

Հայաստանի նորընծա չեմպիոն «Ալաշկերտը» պաշտոնապես հայտարարել է 6 ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելու մասին:

27-ամյա կենտրոնական կիսապաշտպան Դավիդ Խուրցիձեն Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է, հանդես է եկել Մոսկվայի «Արարատում», Պերմի «Ամկարում», ներկայացրել է Ռուսաստանի Մ-17 հավաքականը, իսկ «Ալաշկերտ» տեղափոխվել է Երևանի «Արարատից»:

25-ամյա բրազիլացի ձախ եզրային Ջեյմս Սանթոսը հանդես է եկել բրազիլական «Սամպայո» և «Կամպինենսե» թիմերում, Երևանի «Արարատում», իսկ «Ալաշկերտ» տեղափոխվել է «Ուրարտուից»:

Կոտդիվուարցի հարձակվող Ֆոֆանա Բեկոն հայ ֆուտբոլասերին ծանոթ է Գյումրիի «Շիրակում» ունեցած մրցելույթներով: «Շիրակից» հեռանալուց հետո 32-ամյա Բեկոն հանդես է եկել սերբական «Պարտիզան», «Չուկարիչկի», «Վոյվոդինա», ԻՄՏ ակումբերում ու ղազախական «Իրտիշում»:

«Ալաշկերտ» է վերադարձել Արտակ Եդիգարյանը: «Արարատից» տեղափոխված 31-ամյա կիսապաշտպանը 34 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ալաշկերտի» կազմում անցկացրած 137 հանդիպումներում:

22-ամյա նիգերիացի պաշտպան Դեու Դոսան հանդես է եկել «Լոռիում» և «Վանում»:

31-ամյա եզրային պաշտպան Աղվան Դավոյանն ամբողջ կարիերան անցկացրել է Գյումրիի «Շիրակում», որի ավագն էր:

«Ալաշկերտի» մարզչական շտաբը համալրել է փորձառու մասնագետ Տիգրան Եսայանը, որի նախորդ աշխատատեղը «Ուրարտուն» էր:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին, որտեղ կխաղա Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսի» հետ: Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին Ուելսում, իսկ պատասխան խաղը՝ մեկ շաբաթ անց Երևանի «Հանրապետական» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով