12:06  ,  2 հունիսի, 2021

Հայաստանի հավաքականի նորեկ. Առաջին անգամ էի խաղում նման անվանի ֆուտբոլիստների դեմ

Երևանի «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշելուց հետո կիսվել է տպավորություններով: Աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի դեմ խաղում 22-ամյա Մելքոնյանը փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը՝ փոխարինելով Էդգար Բաբայանին:

«Ուրախ եմ, որ կարողացա նորամուտս նշել հավաքականում։ Խաղում էինք անչափ հզոր մրցակցի հետ, որի կազմում խաղում էին բավականին հայտնի ֆուտբոլիստներ։ Առաջին անգամ էի նման անվանի ֆուտբոլիստների դեմ խաղում։ Աշխարհի փոխչեմպիոնների հետ ոչ ոքի խաղալն անխոս լավ արդյունք է։

Ինձ համար մեծ պատիվ է ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը։ Ամեն ինչ կանեմ ապագայում, որպեսզի կարողանամ հաստատվել այստեղ ու խաղաժամանակ ստանալ»,- Մելքոնյանի խոսքը մեջբերում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ խորվաթական Վելիկա Գորիցա քաղաքում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Հայաստանի հավաքականի պատասխան գոլը 72-րդ րոպեին գեղեցիկ հարվածով խփել էր «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն:

Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի անպարտելի շարքը հասավ 9 խաղի:

Հունիսի 5-ին Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի նաև Եվրո-2020-ի մասնակիցներից Շվեդիայի հավաքականի հետ:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում