15:10  ,  11 մայիսի, 2021

Եվրո-2020. Արսեն Զախարյանն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում (ֆոտո)

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հրապարակել է թիմի ընդլայնված կազմը Եվրո-2020-ի եզրափակիչի մրցաշարի համար, հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։

Ցուցակում տեղ են գտել 30 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 12 հանդիպման, դարձել 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Այս տարվա մարտին Զախարյանը Ռուսաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցում էր Եվրո-2021-ի եզրափակիչ մրցաշարին: Նա Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: Իսլանդիայի Մ-21 հավաքականի դեմ խաղում հայ ֆուտբոլիստը ռեկորդը սահմանել էր 17 տարեկան, 27 օրականում: Մինչև այս Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում գոլի ամենաերիտասարդ հեղինակն էր Ֆյոդոր Սմոլովը, որն աչքի էր ընկել 18 տարեկան 17 օրականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում