Մյունխենի «Բավարիան» ժամանակից շուտ ապահովեց ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը:
Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց Դորտմունդի «Բորուսիային» և զրկվեց առաջատար «Բավարիային» հասնելու հնարավորությունից: Դորտմունդցիներից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն:
Առաջնության ավարտից 2 տուր առաջ մեկ հանդիպում պակաս անցկացրած «Բավարիան» ունի 71 միավոր, իսկ «Լայպցիգը» 64 միավորով երկրորդն է: Դորտմունդի «Բորուսիան» 58 միավորով բարձրացավ չորրորդ տեղ:
«Բավարիան» 31-րդ անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն: Մյունխենցիները 9-րդ տարին անընդմեջ նվաճեցին չեմպիոնի տիտղոսը և Եվրոպայի թոփ-5 լիգաներում այդ ցուցանիշով կրկնեցին Թուրինի «Յուվենտուսի» ռեկորդը:
9 - @FCBayernEN win their 9th consecutive Bundesliga championship, equaling the record in Europe's 5 big leagues held by @juventusfcen. Dominance. #Bundesliga pic.twitter.com/6los2HcAAn
— OptaFranz (@OptaFranz) May 8, 2021
«Հոֆենհայմը» սեփական խաղադաշտում 4:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Գելզենկիրխենի «Շալկեի» նկատմամբ: Առաջին խաղակեսից հետո հյուրերն ունեին 2 գոլի առավելություն, սակայն ընդմիջումից հետո «Հոֆենհայմը» խփեց 4 գոլ: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» կազմում փոխարինման դուրս եկավ ընդմիջմանը: 62-րդ րոպեին նա ստացավ դեղին քարտ: «Հոֆենհայմը» 39 միավորով 11-րդն է:
Գերմանիայի առաջնություն, 32-րդ տուր
«Բորուսիա Դ.» - «Լայպցիգ»՝ 3:2 (տեսանյութ)
Մարկո Ռոյս, 7, Ջեյդոն Սանչո, 51, 87 – Լուկաս Կլոստերման, 63, Դանի Օլմո, 77
«Հոֆենհայմ» - «Շալկե»՝ 4:2
Անդրեյ Կրամարիչ, 47, Կևին Ակպոգումա, 52, Կրիստոֆ Բաումգարտներ, 60, Իհլաս Բեդու, 64 – Մաքս Ութ, 12, Շկոդրան Մուստաֆի, 42
«Վոլֆսբուրգ» - «Ունիոն Բեռլին»՝ 3:0
Յոսիպ Բրեկալո, 12, 63, 90
«Վերդեր» - «Բայեր»՝ 0:0
Հեռացում՝ Էրեն Դինկչի, 90+4 («Վերդեր»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում