17:30  ,  8 մայիսի, 2021

Սոֆիա. Կարեն Ասլանյանին ու Արմեն Մելիքյանին մեկ հաղթանակ է բաժանում օլիմպիական ուղեգրից

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) նվաճեցին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվող Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր:

Արմեն Մելիքյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթեց մեքսիկացի Սամուել Միգուերասին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը դարձյալ ժամանակից շուտ 9:0 հաշվով ուժեղ գտնվեց լիտվացի Յուստաս Պետրավիցիուսից: Կիսաեզրափակիչի ուղեգիրը Մելիքյանը վիճարկեց ռումինացի Ռազվան Արնաուտի հետ ու հաղթեց 3:1 հաշվով: Կիսաեզրափակիչում Արմեն Մելիքյանը կմրցի հարավկորեացի Հանջաե Չունի հետ:

Կարեն Ասլանյանը մեկնարկեց 1/8 եզրափակիչից՝ 8:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով նորվեգացի Մորտեն Թորեսենի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում նա 10:5 հաշվով պարտության մատնեց Ղրղզստանը ներկայացնող Ամանտուր Իսմայիլովին: Կիսաեզրափակիչում Կարեն Ասլանյանի մրցակիցը կլինի ֆրանսիացի Մամադասա Սիլան:

Արթուր Շահինյանը (87 կգ) որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթել էր մոլդովացի Գաբրիել Լուպասկոյին, իսկ 1/8 եզրափակիչում պարտվել էր շվեդ Քրիստոֆեր Բերգին (1:1):

Դավիթ Օվասապյանը (130 կգ) որակավորման փուլում չէր կարողացել հաղթահարել ուկրաինացի Միկոլա Կուչմիի արգելքը՝ 0:2:

Սոֆիայի մրցաշարում Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճում միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Սոֆիայում հանդես էին եկել Արման Անդրեասյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), որոնք հաջողության չէին հասել:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր ունեն Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), իսկ հունահռոմեականների թիմից՝ Կարապետ Չալյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում