14:33  ,  30 ապրիլի, 2021

Յուրի Ջորկաեֆը և Մասիմո Բուզական կմասնակցեն ՀՖՖ-ի և ՖԻՖԱ-ի համատեղ ծրագրին

Երևանում մայիսի 3-ից 9-ը կիրականացվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի հիմնադրամի համատեղ «ՖԻՖԱ-ի հիմնադրամի ճամբար - Հայաստան 2021» ծրագիրը։ Հայաստանը ՖԻՖԱ-ի հիմնադրամի կողմից ընտրվել է որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Ծրագրի շրջանակներում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կազմակերպվելու է մեկշաբաթյա ճամբար՝ անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և Արցախից տեղահանված ընտանիքների՝ նախապես ընտրված 12-14 տարեկան 100 երեխաների համար։ Երեխաները մասնակցելու են զվարճալի ֆուտբոլային մարզումների և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների հիման վրա կազմված դասընթացների։

Շաբաթվա ընթացքում նախատեսված են միջոցառումներ ՖԻՖԱ Հիմնադրամի նախագահ Յուրի Ջորկաեֆի, ինչպես նաև ՖԻՖԱ-ի մրցավարների բաժնի ղեկավար Մասիմո Բուզակայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում