13:05  ,  13 ապրիլի, 2021

Օլիմպիական չեմպիոն Հաջիմուրադ Գացալովը չի միանա Հայաստանի հավաքականին

2004թ. Աթենքի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի հնգակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովը չի միանա Հայաստանի հավաքականին: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինայնը:

2020 թվականի փետրվարին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել էր 97 կգ քաշային կարգում Ռուսաստանի հավաքականից Հայաստանի հավաքական տեղափոխված Հաջիմուրադ Գացալովին: Հաբթենակ Կուրղինյանի խոսքով, 38-ամյա Գացալովը վնասվածք ունի եւ նրա սպորտային քաղաքացիության փոփոխությունը տեղի չի ունենա:

«Գացալովը հավաքականին չի միանա: Նա լուրջ վնասվածք ունի եւ այլեւս չի ներկայացնի Հայաստանի հավաքականը: Նա միայն քաղաքացիություն ստացավ: Իմ տեղեկություններով, սպորտային քաղաքացիությունը փոխելու համար մեր երկրի կողմից որեւէ վճարում չի եղել, Գացալովն ինքն էլ գումար չի ստացել Հայաստանի հավաքական տեղափոխվելու համար: Ով կմտածեր, որ Օլիմպիական խաղերը մեկ տարով կհետաձգվեն, Գացալովն էլ լուրջ վնասվածք կունենա: Այդ քաշային կարգում ներկայացուցիչ չունենք եւ վարկանիշային մրցաշարում էլ չենք ունենա: Բարձր քաշում ուղեգրի համար կպայքարի միայն Լեւան Բերիանիձեն: 97 կգ քաշային կարգում մասնակից չունեինք նույնիսկ Հայաստանի առաջնությունում: Այս քաշը մեզ մոտ խնդիր է»,- նշեց Հաբեթնակ Կուրղինյանը:

Հիշեցնենք, որ Հաջիմուրադ Գացալովը Ռուսաստանի հավաքականում հանդես է եկել 84 կգ, 96 կգ և գերծանր քաշային կարգերում: Նա մրցագորգից բացակայում էր 2016 թվականից, սակայն 2019-ին որոշել էր վերսկսել ելույթները:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում