00:54  ,  11 ապրիլի, 2021

«Ռեալն» ուժեղ էր «Բարսելոնայից» (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում Մադրիդի «Ռեալն» ընդունեց կատալոնական «Բարսելոնային» և առավելության հասավ 2:1 հաշվով:

Առաջին խաղակեսում մադրիդցիներն ավելի լավ տեսք ունեին և ընդմիջման գնացին 2 գոլի առավելությամբ:

Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որը կրնկի հարվածով եզրափակեց եզրից կատարված փոխանցումը: Բաց թողած գոլից հետո «Բարսելոնան» ավելի շատ էր վերահսկում գնդակը, բայց չէր կարողանում ստեղծել իրական գոլային պահեր, իսկ դաշտի տերերին հաջողվեց նաև կրկնապատկել առավելությունը: 28-րդ րոպեին տուգանային հարվածով հաշիվը 2:0 դարձրեց գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը, որի հարվածից հետո գնդակն անդրադարձի միջոցով հայտնվեց դարպասում: Առաջին խաղակեսում թիմերին մեկական անգամ գոլից փրկեց դարպասաձողը:

Առաջին խաղակեսի ընթացքում սկսվեց անձրև, որը շարունակվեց մինչև հանդիպման ավարտը:

Ընդմիջմանը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը փոխեց 5 պաշտպաններով խաղային սխեման և դաշտ դուրս բերեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում կատալոնացիներն ունեին մեծ տարածքային առավելություն, ինչը գոլի վերածեցին 60-րդ րոպեին: Աչքի ընկավ գրոհին միացած իսպանացի պաշտպան Օսկար Մինգյեսան:

«Ռեալը» խաղում էր երկրորդ համարով, սակայն անցկացնում էր շատ վտանգավոր հակագրոհներ և ունենում գոլային պահեր: Տանտերերի դարպասապահ Տիբո Կուրտուայի դարպասի մոտ ևս վտանգավոր պահերը քիչ չէին:  

Չնայած անչափ լարված վերջնամասին՝ խաղի մնացած ժամանակահատվածում դարպասի գրավումներ չարձանագրվեցին: 90-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն, որը ստացավ երկրորդ դեղին քարտը:

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին չկարողացավ գոլի հեղինակ դառնալ 7-րդ Սուպերկլասիկոյում անընդմեջ:

Այս հաղթանակից հետո Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հավաքեց 66 միավոր և հավասարվեց առաջատար Մադրիդի «Աթլետիկոյին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Բարսելոնան» 65 միավորով նահանջեց երրորդ տեղ:

Հիշեցնենք, որ առաջին շրջանի խաղում «Ռեալը» 3:1 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Բարսելոնայի» նկատմամբ:

Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 2:1 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 13, Տոնի Կրոս, 28 – Օսկար Մինգյեսա, 60

Հեռացում՝ Կազեմիրո, 90 («Ռեալ»)

«Ռեալ». Կուրտուա, Լուկաս Վասկես (Օդրիոսոլա, 43), Միլիտաո, Նաչո, Մենդի, Կազեմիրո, Կրոս (Իսկո, 73), Մոդրիչ, Վալվերդե (Ասենսիո, 61), Վինիսիուս (Մարսելո, 73), Բենզեմա (Մարիանո Դիաս, 73):

«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Սերժինյո Դեստ (Գրիզման, 46), Ռոլանդ Արաուխո (Մորիբա, 72), Լանգլե, Մինգյեսա, Ալբա, Բուսկետս (Սերխի Ռոբերտո, 64), Պեդրի (Տրինկաո, 81), Դե Յոնգ, Մեսի, Դեմբելե (Բրեյթուեյթ, 81):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում