10:15  ,  8 ապրիլի, 2021

ԵԱ. Մրցահարթակ դուրս կգան Անդրանիկ Կարապետյանն ու Կարեն Ավագյանը

Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում մրցումային 6-րդ օրը Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ տղամարդկանց 89 կգ քաշայինների պայքարում՝ Անդրանիկ Կարապետյան եւ Կարեն Ավագյան, Երեւանի ժամանակով 17:50-ին:

Անդրանիկ Կարապետյանի համար Մոսկվայի Եվրոպայի առաջնությունը 8-րդն է: Առաջին փորձը եղել է 2013 թվականին Տիրանայում, սակայն անհաջող: 2015 թվականին Թբիլիսիում անցկացված Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել 350 կգ երկամարտի արդյունքով: Նույն տարում բրոնզե մեդալ է նվաճել նաեւ աշխարհի առաջնությունում՝ Հյուսթոնում:

2016 թվականի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել՝ երկամարտի 367 կգ արդյունքով: Եվրոպայի չեմպիոնից մեդալային ակնկալիք կար նաեւ Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերում, սակայն մրցահարթակում պոկում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ Անդրանիկ Կարապետյանը արմունկի կոտրվածք ստացավ:

Բարդ վիրահատությունից եւ երկարատեւ բուժումներից հետո Կարապետյանը կրկին վերադարձավ մրցահարթակ եւ ուժերը փորձեց 2017 թվականի Եվրոպայի առաջնությունում՝ արդեն նոր քաշային կարգում՝ 85 կգ: Այստեղ նա գրավեց 12-րդ տեղը: Նույն տարվա ամռանը Համաշխարհային Ունիվերսիադայում նվաճեց արծաթե մեդալ:

2018 թվականի աշխարհի առաջնությունում ձախողումից հետո Անդրանիկը Քաթարում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեց բրոնզե մեդալ: Եվրոպայի չեմպիոնի համար անհաջող ստացվեց 2019 թվականի Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները: Բաթումիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության կազմում չնայած ընդգրկված էր, սակայն մրցահարթակ դուրս չեկավ: Ծանրորդին թույլ չտվեցին մասնակցել՝ կշռման արարողության ժամանակ սահմանված 81 կգ-ից շուրջ 200 գրամ ավելի լինելու համար:

Անհաջողությունը ծանրորդին ուղեկցեց նաեւ 2019 թվականին Թաիլանդում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում (օլիմպիական վարկանիշային), որտեղ 81 կգ քաշայինների պայքարում երկամարտում 0 ստացավ՝ ձախողելով հրում վարժությունը։

Օլիմպիական վարկանիշներ տվող 3 մրցաշարերը ձախողելուց հետո, հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ Կարապետյանն այլեւս չի պայքարի վարկանիշային միավորների համար: Սակայն, ավելի ուշ, Անդրանիկ Կարապետյանը նախ արծաթե մեդալակիր դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կուռլովիչի հիշատակին նվիրված Alexander Cup 2019 մրցաշարում (օլիմպիական վարկանիշային), ապա փոքր ոսկե մեդալ նվաճեց International Fajr Cup օլիմպիական վարկանիշային մրցաշարում պոկում վարժությունում: Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված երկարատեւ կարանտինից հետո Կարապետյանը կրկին վերադառնում է մրցահարթակ եւ հանդես կգա նոր՝ 89 կգ քաշային կարգում: Նախքան Մոսկվայի մրցահարթակ դուրս գալը, ծանրորդն այս քաշում դարձավ 2021 թվականի Հայաստանի չեմպիոն:

Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը մեդալի հավակնորդներից մեկն է: Նախնական պատվերը երկամարտի 375 կգ է:

Ֆավորիտների շարքում են նաեւ վրացի Ռեւազ Դավիդաձեն (375 կգ) եւ այս քաշում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Կարեն Ավագյանը, որը եւս նախնական հայտավորվել է 375 կգ-ով:

Կարեն Ավագյանը 2018 թվականի երիտասարդների Հայաստանի չեմպիոն է, Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների չեմպիոն:

Ապրիլի 3-ից մեկնարկած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից կանանց հավաքականի 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը երկամարտի 195 կգ արդյունքով գրավել է չորրորդ տեղը։ Պոկում վարժությունում Յայլյանը 90 կգ արդյունքով արժանացել է փոքր արծաթե մեդալի։ Հրում վարժությունում բարձրացրել է 105 կգ։

Տղամարդկանց 81 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը (150+196):

Եվրոպայի առաջնությանը Հայաստանը 14 ծանրորդով է ներկայացել:

Ապրիլի 9-ին մրցահարթակ դուրս կգա կանանց հավաքականից Լիաննա Գյուրջյանը 81 կգ քաշայինների պայքարում, տղամարդկանց հավաքականից Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը 96 կգ քաշայինների պայքարում:

Ապրիլի 10-ին Հայաստանը կունենա 4 մասնակից՝ 87 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը, տղամարդկանց 102 կգ քաշային կարգի ներկայացուցիչներ Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը: Այդ օրը պայքարի մեջ կմտնի նաեւ Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում:

Ապրիլի 11-ին, առաջնության վերջին օրը մրցահարթակ դուրս կգան գերծանր քաշային կարգի ներկայացուցիչները՝ +87 կգ՝ Արփինե Դալալյանը, Գոռ Մինասյանը եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում