22:31  ,  31 մարտի, 2021

Խոակին Կապառոս․ Սա մեր երկրի հաղթանակն է

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում Ռումինիային 3։2 հաշվով հաղթելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հեռավար ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին։

«Ես շատ էի վստահում մեր ֆուտբոլիստներին, սակայն մենք գիտեին, որ մեզ շատ բարդ մարտահրավեր է սպասում, քանի որ շատ բարդ խումբ է՝ հարուստ ֆուտբոլային պատմություն ունեցող հավաքականներով։

Սակայն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ապացուցեցին, որ նրանք զգում են, թե ինչ է նշանակում ազգային թիմի խաղաշապիկը։

Շատ ուրախ եմ, որ նման հաջողության հասանք։ Այս հաղթանակը պատկանում է երկրին, երկրպագուներին։ Սա մեր երկրի հաղթանակն է։

Ամեն ինչ լավ կազմակերպված էր։ Պետք է համբերատար լինել։ Մենք փորձում ենք օգտագործել մրցակցի ազատ գոտիները։ Առաջին խաղակեսում երեւում էր, որ մեր թիմը ավելի հոգնած է, քան մրցակիցը, որը զգալի փոփոխություններ էր կատարել։ Սակայն երկրորդ խաղակեսում հրաշալի խաղացինք, իսկապես դուրս էինք եկել հաղթելու համար։

Գոլ բաց թողնելուց հետո համապատասխան արձագանքը ազդում է նաեւ մրցակցի վրա։ Մեր թիմը կարողացավ իր մեջ ուժ գտնել եւ ընթացքում պարտվելուց հետո ճիշտ արձագանքեց։ Թիմը չբավարարվեց երկրորդ գոլով, փորձեց խփել երրորդ գոլը, ինչը ստացվեց։

Այս հաղթանակը ամբողջ թիմինն է, բայց իհարկե Էդուարդ Սպերցյանը շատ ուժեղ բնավորություն ցուցադրեց։ Նա կարող է շատ արագ կարեւոր ֆուտբոլիստ դառնալ թիմի համար։ Նույնը կարող եմ ասել Ժիրայր Շաղոյանի համար։ Նա նույնպես լավ ընդունեց պատասխանատվությունը։

Թիմային խաղն ամեն ինչից վեր է։ Բոլոր թիմերում, որտեղ ես աշխատել եմ, հաջողությունների են հասել, քանի որ առաջնահերթությունը տրվել է թիմային խաղին, ոչ թե անհատական վարպետություն ունեցող մեկ խաղացողի։ Մենք պետք է թիմային եւ անհատական մակարդակում լինել հոգեբանորեն շատ ուժեղ»,- ասել է Կապառոսը։

Հայաստանի հավաքականը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը` 9 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը։

ԱԱ-2022, ընտրական մրցաշարերրորդ տուր

խումբ

Հայաստան - Ռումինիա՝ 3:2 (տեսանյութ)

Էդուարդ Սպերցյան, 56, Վարազդատ Հարոյան, 87, Տիգրան Բարսեղյան, 89 (11մ) – Ալեքսանդրու Չիկուլդեու, 62, 72

Հեռացում՝ Գեորգե Պուշկաշ, 78

Հայաստան․ Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Կարեն Մուրադյան (Էդուարդ Սպերցյան, 46), Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան (Սոլոմոն Ուդո, 90+3), Նորբերտո Բրիասկո Բալեկյան (Սարգիս Ադամյան, 46), Ալեքսանդր Կարապետյան (Ժիրայր Շաղոյան, 46):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով