Երևանի «Փյունիկը» հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Վանաձորի «Լոռիի»՝ ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում ելույթները դադադեցնելու որոշմանը:
««Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խորին ափսոսանքով ընդունեց «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանի որոշումը՝ կապված VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղարկությունում թիմի ելույթների դադարեցման հետ։
Մեր ակումբը մշտապես աջակցում է Հայաստանի մարզերում ֆուտբոլի զարգացմանը։ Լոռու մարզը վերջին տարիներին մեծ զարգացում է գրանցել ֆուտբոլային ոլորտում, ինչը մեծացրել է հետաքրքրությունը առաջնության նկատմամբ։ «Լոռիի» գլխավոր և մանկապատանեկան թիմերի խաղերը մշտապես անցել են մեծ հետաքրքրությամբ և լի են եղել էմոցիաներով։
Հուսով ենք, որ այս որոշմամբ Լոռու մարզում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը չի պակասի, իսկ «Լոռի» ՖԱ-ն կշարունակի մարզում մանկապատենական ֆուտբոլի զարգացմանն ուղղված աշխատանքները»,- ասվում է «Փյունիկի» հայտարարության մեջ։
Ավելի վաղ «Լոռիի» նախագահ, ՀՖՖ գործադիր կոմիտեի նախկին անդամ Թովմաս Գրիգորյանը հայտարարել էր, որ Վանաձորի թիմը դադարեցնում է ելույթները ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում:
Հիշեցնենք, որ «Լոռին» մարտի 16-ին բոյկոտել էր Երևանի «Արարատի» դեմ ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի հանդիպումը: Երևանի «Հանրապետական» ստադիոնում մեկնարկած խաղում «Լոռիի» ֆուտբոլիստները մրցավարի՝ խաղի մեկնարկն ազդարարող սուլիչից սուլիչից հետո լքեցին խաղադաշտը: Հանդիպումը չկայացավ, իսկ Վանաձորի թիմին ավելի ուշ գրանցվեց տեխնիկական պարտություն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում