21:00  ,  16 մարտի, 2021

«Լոռին» դադարեցնում է ելույթները Հայաստանի առաջնությունում

Վանաձորի «Լոռին» դադարեցնում է ելույթները ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում: Այդ մասին հայտարարել է «Լոռիի» նախագահ, ՀՖՖ գործադիր կոմիտեի նախկին անդամ Թովմաս Գրիգորյանը:

«Հարգելի հայրենակիցներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ.

Այսօր շատ ցավալի օր է ինձ համար։ «Լոռի» ֆուտբոլային ակումբը ոչ սպորտային որոշում կայացրեց' չսկսելով հանդիպումը Երևանի «Արարատի՛ հետ, ինչի համար ներողամտությունս եմ հայցում «Լոռիի» երկրպագուներից, ստադիոնում և հեռուստաէկրանների մոտ հավաքված ֆուտբոլասերներից։

Բայց սա անելանելի քայլ էր, քանի որ ՀՖՖ-ն արհամարհական կեցվածք է ընդունել «Լոռի» ակումբի նկատմամբ: Մեր երկու դիմումներից մեկը` ՀՖՖ բողոքարկման կոմիտե, քննարկվում է 8 ամիս անց, սակայն ՀՖՖ-ն կրկին չի բարեհաճում հրապարակել կոմիտեի որոշումը։

Նման անառողջ մթնոլորտում չեմ պատրաստվում շարունակել պայքարը ՀՖՖ-ի գծած սցենարով, որտեղ նրանց համար ակումբները բաժանված են յուրայինների և օտարների։ Ծանր է կայացնել այս անմարդկային որոշումը. «Լոռին» կյանք է, մարզը ապրում է ֆուտբոլով, թիմը պայքարում է ամենաբարձր մրցանակային տեղերի համար։ Այս պարագայում չի մնում այլ քայլ' պայքարելու ՀՖՖ-ի անարդարությունների դեմ, ուստի որոշում եմ կայացրել` դադարեցնել «Լոռի» թիմի մասնակցությունը ՀՀ առաջնությունում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Թովմաս Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ «Լոռին» մարտի 16-ին բոյկոտել էր Երևանի «Արարատի» դեմ ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի հանդիպումը: Երևանի «Հանրապետական» ստադիոնում մեկնարկած խաղում «Լոռիի» ֆուտբոլիստները մրցավարի՝ խաղի մեկնարկն ազդարարող սուլիչից սուլիչից հետո լքեցին խաղադաշտը: Հանդիպումը չկայացավ:

Օրեր «Լոռին» հանդես էր եկել հայտարարությամբ՝ հույս հայտնելով, որ ՀՖՖ-ն կկայացնի բացառապես անաչառ և արդար խաղի կանոններին հարիր որոշումներ «Ալաշկերտի» և «Ուրարտուի» դեմ խաղերում բողոքարկումների վերաբերյալ: Ավելի վաղ «Լոռին» կոչ էր արել տեխնիկական պարտություն գրանցել «Ալաշկերտին»:

Այս մրցաշրջանի ընթացքում Հայաստանի առաջնությունում ելույթները դադարեցրել էր նաև «Գանձասար-Կապանը»: Այսպիսով, Հայաստանի առաջնությունը կշարունակվի 8 թիմով:

Ֆոտո՝ «Արարատի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում