01:00  ,  16 մարտի, 2021

Լևոն Արոնյանը դուրս եկավ փլեյ-օֆֆ և կխաղա Մագնուս Կարլսենի հետ (ֆոտո)

Լևոն Արոնյանը 8-րդ տեղը գրավեց Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի նախնական փուլում և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր:

Վերջին խաղային օրը հայ գրոսմայստերն անցկացրեց 5 պարտիաներ, որոնցից չորսն ավարտեց ոչ ոքի ու սպիտակներով հաղթեց իսպանացի Դավիդ Գուխարոյին: Արոնյանը 15 տուրերում վաստակեց 8 միավոր և ռուս Սերգեյ Կարյակինի հետ բաժանեց 8-9-րդ տեղերը: Արոնյանը Կարյակինին գերազանցեց նրա նկատմամբ հաղթանակի շնորհիվ:

1-8-րդ տեղ գրաված շախմատիստները նվաճեցին քառորդ եզրափակիչի ուղեգիր: Մարտի 16-17-ն անցկացվելիք քառորդ եզրափակիչում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը նախնական փուլում առաջին տեղը զբաղեցրեց 10.5 միավորով: Հոլանդացի Անիշ Գիրին 10 միավորով գրավեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակած ամերիկացի Ուեսլի Սոն հավաքեց 9.5 միավոր:

Քառորդ եզրափակիչում գրոսմայստերները կանցկացնեն 8-ական պարտիա:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 220 հազար դոլար է։

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանն առաջին մրցաշարն է անցկացնում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալուց հրաժարվելուց հետո: Սակայն այս մրցաշարում նա դեռ չի ներկայացնում ԱՄՆ-ը և հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում