09:44  ,  26 սեպտեմբերի, 2012

Ո՞վ կդառնա աշխարհի չեմպիոն

Սինգապուրի Մեծ մրցանակը որոշակիություն չմտցրեց ապագա աշխարհի չեմպիոնի կանխատեսման հարցում: Հաղթեց Սեբաստիան Ֆետտելը, բայց երրորդ տեղը գրաված Ֆերնանդո Ալոնսոն վաստակեց հերթական միավորները, որոնք այսօր նրան դարձնում են չեմպիոնի ամենաիրական հավակնորդը: Միաժամանակ ամեն ինչ չէ, որ այդքան հարթ է անհատական հաշվարկում իսպանացի առաջատարի համար: Նա հաղթելու է ոչ այնքան անձնական որակների շնորհիվ, որքան` շնորհիվ բոլիդի, ի տարբերություն «լոտուսցի» Կիմի Ռայկոնենի, որը առաջատարներից միակն է, ով չի հաղթել այս տարվա Մեծ Մրցանակի խաղարկություններից ոչ մեկում, բայց մրցուղուց երբեւեէ դուրս չի մնացել: Նա էլ Ալոնսոյի նման համբերատար հավաքել է իր միավորները եւ այսօր ունի հաղթելու նույնքան հնարավորություն, որքան Սեբաստիան Ֆետտելը, եւ փոքր ինչ պակաս հնարավորություն, քան Ֆերնանդո Ալոնսոն:

Այս երեքին կարող է միանալ նաեւ բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը, որը «Մաքլարենի» ղեկին հրաշքներ է գործում, բայց բոլիդը հաճախ չի դիմանում այդ հրաշքների «ծանրությանը»: Սինգապուրում մեկնարկելով առաջին տեղից` Լյուիս Հեմիլթոնը շարժիչի խափանման պատճառով դուրս մնաց պայքարից: Սա կարող է նրան ոչ միայն չեմպիոնի կոչում արժենալ, այլեւ` մրցանակային որեւէ տեղ, թեպետ առջեւոմ դեռ վեց Գրան Պրի կա: Ալոնսոն չի կարողանում հաղթել արդեն չորրորդ Գրան Պրի, Հեմիլթոնը դրանցից երկուսում հաղթել է, վերջինում էլ դուրս մնաց զուտ շարժիչի պատճառով: Սինգապուրում Ալոնսոն հասկացավ, որ տիտղոսի փայլն ավելի է հեռանում: «Մեզ արագություն է անհրաժեշտ»,- Սինգապուրում ասաց նա: Հեմիլթոնը հուսահատորեն հայտարարեց. «Ինձ անհրաժեշտ է հաղթել հաջորդ վեց Գրան Պրիներում, բոլիդը դա թույլ է տալիս»: Իսկապես, «Մաքլարենն» այսօր ամենարագընթացն է ցանկացած մրցուղում: «Ռեդ Բուլն» ու «Ֆերրարին» այսօր նույնը չեն կարող ասել: Երկուսն էլ պետք է երազեն միմյանց անհաջողությունների մասին: Չի բացառվում, որ փորձեն դրանք իրականություն դարձնել մրցուղում, չի բացառվում, որ նրանց կարող են օգնել մյուս արշավորդները: Սակայն այս ամենից շահելու բան ունի Կիմի Ռայկոնենը: Նա դարանակալել է ուղղակի բոլոր հավակնորդների թիկունքում եւ Գրան Պրի առ Գրան Պրի սպասում է նրանցից որեւէ մեկի «մահվանը»: Ռայկոնենն այսօր գիշակեր անգղ է հիշեցնում ջունգլիում, որտեղ զոհեր սփռողները երեքն են` Ալոնսոն, Ֆետտելը եւ Հեմիլտոնը: «Ալոնսոն երկաթյա մարդ է, որը ոչ մի իրավիճակում չի սխալվում»,- Ֆերնանդոյի մասին ասել է նրա աստղային մարզիչը` Ֆլավիո Բրիատորեն: Բայց Ալոնսոն սխալվեց 2007-ին, երբ «Մաքլարենի» կազմում իր երկաթյա նյարդերը ծախսեց Լյուիս Հեմիլթոնի հետ հակամարտության վրա: Եվ կորցրեց տիտղոսը:

Այսօր Ալոնսոն «Ֆերրարիում» խնդիրներ չունի, Ֆելիպե Մասսան իդեալական թիմակից է: Եվ չի հավակնում որեւէ տիտղոսի: Ֆետտելի թիմակից Մարկ Վեբերը նույնպես իդեալական «զուգընկեր» է: Անցյալ տարի նա շատ բանով օգնեց Ֆետտելին երկրորդ տիտղոսը նվաճելու համար: Փոքր ինչ խառն են հաշիվները դարձյալ «Մաքլարենում», Հեմիլթոնի թիմակիցը կրկին աշխարհի չեմպիոն է, որը նույնպես մաթեմատիկական շանսեր ունի դառնալու 2012 թվականի աշխարհի չեմպիոն: Ջենսոն Բատոնին Ալոնսոյից բաժանում է 75 միավոր, այսինքն երեք Գրան Պրի, պայմանով, որ երեքում էլ հաղթի Բատոնը եւ դրանցից ոչ մեկում հաշվարկային տեղ չզբաղեցնի Ֆերնանդոն: Բայց վիճակագրությունն ավելի շատ Ֆերնանդոյի օգտին է, քան նույն Բատոնի, Ֆետտելի կամ Հեմիլթոնի օգտին: Վերջինս առնվազն չորս մրցուղում այս տարի կիսատ է թողել պայքարը: Բատոնը Մալայզիայում միավոր չի վաստակել, Բահրեյնում, Մոնակոյում դուրս է մնացել պայքարից, Մեծ Բրիտանիայում վաստակել է մեկ միավոր: Ընդդեմ Ֆետտելի բավարար է ասել, որ անցյալ տարի մինչեւ Սինգապուրը մեկ առաջնությունում ութ հաղթանակ տարած մարդն այս տարի Սինգապուրում հաղթեց միայն երկրորդ անգամ: Փոխարենը միավոր չի վաստակել Մալայզիայում, եզրագիծը չի հատել Վալենսիայում, իսկ հայրենի Գերմանիայում զրկվեց 2-րդ տեղից եւ բավարարվեց 5-րդ տեղով Բատոնի հետ անազնիվ պայքար մղելու պատճառով: Ալոնսոն եւ Ռայկոնենն այսպիսի անհաջողություններ չունեն, թեպետ Ալոնսոն մեկ անգամ` Բելգիայում հենց մեկնարկից դուրս մնաց պայքարից:

Ուրեմն, ո՞վ կդառնա աշխարհի չեմպիոն: Ըստ իս, պայքարելու են Ալոնսոն եւ Ռայկոնենը: Առաջինը, որովհետեւ Ֆետտելի բոլիդը լավագույնը չէ, իսկ Հեմիլթոնը պարզապես «բախտ չունի», քանի որ վերջին չորս Գրան Պրիներից երկուսում ուղղակի եզրագիծը չի հատել, եւ Ռայկոնենը, որովհետեւ նրա հաղթանակը որեւէ մեկից կախված չէ, այդ սառցե մարդը քրտնում է անձամբ: Եվ բոլիդը նրանից ավելի մեծ կախում ունի, քան ինքը բոլիդից: Եվ նրա գլխավոր խաղաքարտը` երբեք բախտի կողմը չի նայում, որովհետեւ բախտը հաշիվներ է մաքրում միայն նրանց հետ, որոնց անձամբ է սպասարկել:

Մհեր Արշակյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում