09:16  ,  26 սեպտեմբերի, 2012

Հ. Հայրապետյան. Ֆինանսական հնարավորություն կա, բայց մարզիկների պակաս ունենք

«Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան ունի ֆինանսական հնարավորություններ մարզիկներին  միջազգային  մրցաշարերի ուղարկելու, միայն թե մարզիկներն են քիչ։ Կառավարությունից էլ գումար չենք ստանում, այն ինչ պետք է ստանայինք, խնդրել ենք տրամադրեն մյուս մարզաձեւերին, որոնք ավելի շատ ունեն այդ գումարի կարիքը»։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ  Հայրապետ Հայրապետյանը։

Օրերս  Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի ակումբում ֆրանսիական` PMU (Pari Mutuel Urbain) բուքմեյքերական ընկերության հայկական մասնաճյուղի` PMA`  Pari Mutuel Armenia-ի միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր, ըստ որի Հայաստանում կստեղծվի բուքմեյքերական ընկերություն, որտեղ ձիասպորտի սիրահարները Հայաստանում եւ արտերկրում անցկացվող ձիարշավների ժամանակ կարող են խաղադրույքներ կատարել։

Պարոն Հայրապետյան,  բուքմեյքերական ընկերություն ստեղծելու ուղղությամբ ֆեդերացիայի այս քայլը որքանո՞վ կնպաստի մարզաձեւի զարգացմանը։

Սա բավական լուրջ քայլ է այս ոլորտում։ Ֆրանսիական այս կազմակերպությունը դիմեց մեզ, որպեսզի իրենք կազմակերպեն Հայաստանում բուքմեյքերեկան ընկերություն: Սա Հայաստանում առաջին անգամ իրականացվող ծրագիր է։ Եթե հաջողվի, նախ` սպորտը բավական առաջ կգնա, բացի այդ ձիերի հետ կապված տնտեսությունը կզարգացնա։ Սա ֆրանսիացիների հիմնական նպատակն է: Ըստ այդ  ծրագրի, մոտ 500-600 մարդ կներգրավվի այս աշխատանքին: Սա տեխնիկական մեծ օգնություն կլնին սպորտին։

Հաջողություն կունենա՞ բուքմեյքերական կառույցը Հայաստանում:

Բուքմեյքերական ընկերությունները աշխարհում ընդունված կառույցներ են: Եթե մեր մրցումները մտնեն համաշխարհային ցանցի մեջ`  հիանալի կաշխատի: Սկզբնական շրջանում մեծ գումարներ կծախսվեն գովազդային արշավի վրա: Հիմքում ընկած է սպորտի զարգացման գաղափարը, միտումը, բայց իրականում սա կաշխատի որպես բիզնես եւ մեծ շրջանառություն կունենա թե հայաստանցի, թե դրսի հայերի համար:

Որքա՞ն ժամանակ կպահանջվի ձիասպորտում այս մշակույթը զարգացնելու համար:

Մենք արդեն 10 տարի է զբաղվում ենք Հայաստանում ձիասպորտի զարգացմամբ: Այնպես չի, որ տեղում «դոփում» ենք եւ առաջ չենք գնում: Սա զարգացման մի ճյուղ է եւ հնարավորություն ավելի արագ առաջ գնալու համար: Մարզաձեւը մասսայականացնելու, մարդկանց մեջ սեր, հետաքրքրություն առաջացնելու համար կարող ենք տոտալիզատորներ կազմակերպել, խաղադրույքներ անեն մարդիկ՝ դրանով օգնելով թե սպորտին, թե ֆեդերացիային: Սա ընդունված ձեւ է ամբողջ աշխարհում. ֆուտբոլը եւ շատ այլ մարզաձեւեր զարգանում են նաեւ այս ճյուղով՝ բուքմեյքերական ընկերությունների միջոցով:

Ի՞նչ աշխատանքներ են այժմ տարվում ֆեդերացիայում, ի՞նչ թերություններ կան, որոնք շտկելու կարիք ունեն:

Ֆեդերացիայի հիմնական թերությունը մարզիչների խնդիրն է, ինչպես եւ բոլոր մարզաձեւերի ֆեդերացիաներում: Այժմ մեր հիմնական նպատակը նոր հաստիքներ բացելն է եւ նոր մարզիչներ ֆեդերացիայում ընդգրկելն է: Ռուսաստանից արդեն երկու մարզիչ ենք հրավիրել Հայաստան: Նրանցից մեկն արդեն աշխատում է «Արա-Այծեմնիկ» ակումբում: Մյուս մարզիչը նոր է ժամանելու Հայաստան եւ  կաշխատի մյուս ակումբներից մեկում: Փորձելու ենք բոլոր ակումբների համար նոր մարզիչներ ընդունել դրսից, ավելի փորձված մասնագետներ: Դժվար է այստեղ լավ մարզիչներ պատրաստել: Ռուսաստանում ամեն ինչ մասնագիտացված է, լուրջ հիմքերի վրա:

Մեկ այլ ծրագիր էլ ունենք մարզիչների հետ կապված: Դրսից հրավիրված ռուս մարզիչները պատրաստակամ են հայ մարզիչներին իրենց հետ տանել Ռուսաստան սովորեցնել, դասընթացներ անցկացնել նրանց հետ։

Ո՞րն է հայ մարզիչների խնդիրրը: Ինչի՞ն չեն տիրապետում մեր մարզիչները, որ ֆեդերացիան ստիպված դրսից է մարզիչներ հրավիրում:

Այս սպորտաձեւը, բոլորն էլ գիտեն, մի փոքր թանկարժեք է, էլիտար: Այս սպորտաձեւում դեռ հին ժամանակներից ներգրավված են եղել միշտ չարաճճի երեխաներ, հարուստ, շքեղ կյանքով ապրող մարդիկ: Նման մարդկանց մարզելը բավական բարդ է, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այս մարզաձեւում մարզիչը մարզում է ոչ միայն մեկ, այլ երկու մարզիկի` ձիավարին եւ ձիուն: Մեր մարզիչները թերանում են այս հարցում:

Բացի մարզիչների խնդրից, խնդիր ունենք նաեւ ձիասպորտի միջազգային ֆեդերացիայի հետ: Միջազգային ֆեդերացիան իր ռեգիոնների շարքում մեզ ընդգրկել է Վրաստանի եւ Ադրբեջանի խմբի մեջ` այսինքն` գրել են Կովկաս եւ այդտեղ ընդգրկել այս երեք պետություններին: Սա մեզ համար մեծ խնդիր է, քանի որ չենք կարողանում Հայաստանում անցկացնել միջազգային մրցում: Սա ձեռք է տալիս Վրաստանին, քանի որ բոլոր մրցումները անցկացվում են Վրաստանում` ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում:

Մարզիկների մասին ի՞նչ կասեք:

Եթե մարզիչ չկա, մարզիկ ինչպե՞ս պետք է լինի: Մարզիչ պետք է լինի, որ մարզիկ պատրաստի: Ունենք երկու հիանալի մարզիկ, որոնք նաեւ ֆեդերացիայի նախագահության անդամ են: Երկուսն էլ օտար լեզու գիտեն, նրանց մենք կարողանում ենք ուղարկել միջազգային մրցումների: Բայց երկու մարզիկով մարզաձեւ չի զարգանա: Այնպես չի, որ մարզիկներ չունենք: Ունենք, բայց քիչ են:

Միջազգային մրցաշարերի մասնակցության համար ֆեդերացիան ունի՞ հնարավորություն, ֆինանսավորում:

Հնարավորություն կա, բայց մարզիկների պակաս ունենք: Փորձում ենք հնարավորինս մասնակցել մրցումների: Օրինակ՝ մեկ ամիս առաջ Մոսկվայում մասնակցեցինք միջազգային մրցաշարի, որտեղ մեզ համար նոր ձեւում բավական լավ արդյունք ցույց տվեցինք: Առաջին անգամ մեր մարզիկը 80 կմ ձի վարեց: Մյուս մարզիկը` 40 կմ: Առաջինը  49 մասնակիցների մեջ 21-րդ տեղը գրավեց, երկրորդը` 5-րդ: Սա բավական լուրջ արդյունք է մեզ համար:

Փաստորեն ձիասպորտի ֆեդերացիան ֆինանսական խնդիր չունի:

Մեր խնդիրները մենք ենք լուծում: Կառավարությունից ոչ մի գումար չենք ստանում: Ամեն ինչ անում ենք մեր ուժերով, մեր ֆինանսներով, մեր գործընկերներով:

ՀԱՕԿ-ից  էլ գումար չեք ստանո՞ւմ:

Ոչ: ՀԱՕԿ-ի անդամ ենք, օլիմպիական մարզաձեւ է ձիասպորտը, բայց ՀԱՕԿ-ից էլ գումար չենք ստանում: Իրականում Օլիմպիական կոմիտեն ո՞ր սպորտաձեւին է ուղիղ աջակցում: Ֆինանսավորումը կառավարության խնդիրն է: Եթե նույնիսկ տրամադրվի էլ, դա բավական փոքր գումար է: Մենք այդ գումարից հրաժարվել ենք, ասելով, որ ավելի լավ է այդ գումարը տրամադրեն ուրիշ մարզաձեւին:

Իսկ այժմ ի՞նչ ծրագրի կամ ավելի կոնկրետ նպատակի վրա է աշխատում Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան:

Այժմ մենք ունենք  մեկ գլխավոր նպատակ` 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերում ներկայացուցիչ եւ արդյունք ունենալն է: Այս չորս տարին կաշխատենք դրա վրա:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով