13:07  ,  17 փետրվարի, 2021

Ըմբշամարտի ու գրեփլինգի ֆեդերացիաները կնքել են համագործակցության հուշագիր (ֆոտոշարք)

Հայաստանի ըմբշամարտի և գրեփլինգի ֆեդերացիաները համագործակցության հուշագիր են ստորագրել: Միջոցառմանը ներկա է եղել նաև Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Գրեփլինգն ըմբշամարտի ընտանիքի անդամ է, թեև մարզաձևը Հայաստանում նոր է սկսում զարգացման գործընթացը, իսկ ֆեդերացիան բացվել է այս տարվա սկզբնամասում: Պարբերաբար ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից առաջ կամ հետո անցկացվում են նաև գրեփլինգի մրցումները:

Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը Կարեն Գիլոյանին, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանին ու գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանին ծանոթացրել է «Ազատություն 24» հասցեում գտնվող գրեփլինգի մարզադպրոցի պայմաններին, ինչից հետո տեղի է ունեցել հուշագրի ստորագրման արարողությունը: Ներկաների համար անցկացվել են նաև ցուցադրական ելույթներ: Գրեփլինգի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար է նշանակվել Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարի նախկին խորհրդական Վլադիմիր Հովհաննիսյանը:

Կարեն Գիլոյանը ողջունել է նախաձեռնությունը և կարևորել գրեփլինգի դերը հայաստանյան կյանքում:

«Գրեփլինգը համաշխարհային ըմբշամարտի միության մի մասն է և շատ արագ զարգացող մարզաձևերից մեկը: Պարբերաբար ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից առաջ կամ հետո անցկացվում են նաև գրեփլինգի մրցումները: Մենք դեռ չենք ունեցել մասնակիցներ, այդ պատճառով ողջունում եմ այս նախաձեռնությունը: Ըմբշամարտի ֆեդերացիան Հայաստանի ամենակազմավորված ֆեդերացիաներից մեկն է, և ես վստահ եմ, որ Սարգիս Բազինյանի նախաձեռնությունը շատ շուտ կտա իր արգասիքը, և մենք այս մարզաձևում կունենանք առաջատար մարզիկներ: Այն, ինչ տեսա այս ակադեմիայում, չգիտեմ՝ արդյոք գովասանքի խոսքերը կբավականացնեն արտահայտելու այն տպավորությունը, որ ես ստացա: Ամեն բան շատ ճիշտ է կազմակերպված ու հազարավոր երեխաներ ստանում են այն ճիշտ մասնագիտական կրթությունը, որը նրանք պարտավոր են ստանալ, քանի որ ապրում են Հայաստանում: Մեր երկիրը շրջապատված է այնպիսի հարևաններով, որ, մեղմ ասած, բոլորս էլ տեսնում ենք ու գիտենք դրա հետևանքները: Որպեսզի մեր երիտասարդները հետագայում պատրաստ լինեն ամեն ինչի, պետք է ստանան նաև այսպիսի կրթություն: Այստեղ ամեն բան դրված է շատ ճիշտ հիմքերի վրա: Առավել քան վստահ եմ, որ մոտ ապագայում կունենանք միջազգային կարգի մարզիկներ, ովքեր կմասնակցեն գրեփլինգի առաջություններին ու բարձր կպահեն Հայաստանի պատիվը»,- նշեց Կարեն Գիլոյանը:

Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը պատմեց, որ արդեն պատրաստ է առաջիկա 5 տարվա զարգացման ծրագիրը, իսկ Հայաստանի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել մոտ 350 մարզիկներ:

«Գրեփլինգի ֆեդերացիան իր ամբողջ կազմով ձեռնամուխ է եղել Հայաստանում մարզաձևի զարգացման գործին: Նախապատրաստական աշխատանքները սկսել ենք մի քանի ամիս առաջ և արդեն ահռելի աշխատանք է կատարվել այս ընթացքում: Ֆեդերացիայի պաշտոնական բացումը տեղի է ունեցել այս տարվա սկզբնամասում: Արդեն ունենք առաջիկա 5 տարվա զարգացման պլանը, և առաջ ենք շարժվում ըստ ծրագրի: Փետրվարի 26-28-ը տեղի կունենա գրեփլինգի Հայաստանի առաջնությունը, որին կմասնակցեն Հանրապետության ուժեղագույն ակումբները: Նախնական հայտերով, լինելու է 350 մասնակից: Մուտքը կլինի ազատ, սպորտի բոլոր սիրահարներին հրավիրում եմ՝ տեսնելու, թե Հայաստանում ինչ բարձր հիմքերի վրա է դրված գրեփլինգի զարգացումը: Գրեփլինգն ըմբշամարտի մեծ ընտանիքի անդամ է՝ չնայած մեր երկրում այդ մրցաձևը չէր զարգանում: Այժմ այն կզարգանա և մենք կրկին կունենանք միջազգային մրցաշարերում մեր դրոշը բարձրացնելու ու հիմնը հնչեցնելու հնարավորություն: Քանի որ այս մարզաձևն իր մեջ ներառում է ֆիզիկական լավ պատրաստվածություն, այն կնպաստի նաև առողջ սերունդ ունենալուն»,- ասաց Սարգիս Բազինյանը:

ՀԸՖ նախագահ Ռոբերտ Խաչատրյանը ևս կարևորեց նախաձեռնությունը և հաջողություն մաղթեց նորաստեղծ ֆեդերացիային:

Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայում գործում է ընդունելություն՝ պրոֆեսիոնալ ու սիրողական մարզիկների համար (առանց տարիքային սահմանափակման):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում