16:42  ,  26 հունվարի, 2021

Գվարդիոլան՝ Լեմպարդի հեռացման մասին. Պետք է հաղթել, այլապես քեզ կհեռացնեն

«Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Ֆրենկ Լեմպարդի հեռացմանը Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնից:

«Ցանկացած մարզիչից պահանջում են հաղթանակներ: Մարդիկ խոսում են նախագծերի մասին, սակայն դրանք գոյություն չունեն: Պետք է հաղթել, այլապես քեզ կհեռացնեն:

Հարգանքով եմ վերաբերվում «Չելսիին», սակայն հուսով եմ, որ շուտով կկարողանամ տեսնել Ֆրենկին, նրա հետ այցելել ռեստորան, երբ կավարտվի կարանտինը: Չեմ քննադատի «Չելսիին», սակայն բոլոր մարզիչներին դեպքում էլ պետք է դրսևորել համբերատարություն: Ես հարգում եմ ակումբի որոշումը, այդպես էլ պետք է լինի: Մենք պարզապես փորձում ենք հաղթել հնարավորինս շատ խաղեր: Յուրաքանչյուր մարզիչի ժամանակ է հարկավոր, որպեսզի իրագործի այն, ինչին հավատում է»,- մարզիչի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ 42-ամյա անգլիացի մասնագետը 2019 թվականի ամառվանից էր աշխատում «Չելսիում», որը Պրեմիեր լիգայի 19-րդ տուրից հետո 29 միավորով 9-րդ տեղում է: Դրանից առաջ Լեմպարդը գլխավորում էր անգլիական «Դերբի Քաունթին»: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա «Չելսիում» խաղացել է 2001-2014-ը:

«Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնում Լեմպարդն անցկացրել է 84 հանդիպում, տարել 44 հաղթանակ, կրել 23 պարտություն ու գրանցել 17 ոչ ոքի:

Բրիտանական մամուլի համաձայն՝ Լեմպարդին փոխարինելու գլխավոր թեկնածուն է գերմանացի Թոմաս Տուխելը, որը դեկտեմբերին ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալուց հետո աշխատանք չունի: Սպասվում է, որ Տուխելը «Չելսիի» հետ կկնքի մինչև 2022-ի ամառ նախատեսված պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում