10:46  ,  26 հունվարի, 2021

«Աթլետիկոյի» նախագահ. Գիտեինք, որ Սուարեսը լավագույն կենտրոնական հարձակվողն է Եվրոպայում

Մադրիդի «Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն անդրադարձել է ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի արդյունավետ խաղին:

«Առաջնությունը կարելի է հաղթել կամ պարտվել: Հիմա մրցաշրջանի միջնամասն է, առջևում կա մեծ ճանապարհ:

Սուարեսի խաղի մասին կասեմ, որ մենք միշտ իմացել ենք, որ նա լավագույն կենտրոնական հարձակվողն է Եվրոպայում: Մեր բախտը բերել է, որ նա մեզ հետ է: Մենք երջանիկ ենք»,- Սերեսոյի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ «Վալենսիայի» դեմ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում (3։1) խփած գոլի շնորհիվ Սուարեսը սահմանել էր տպավորիչ ցուցանիշ: Լա լիգայում 34-ամյա հարձակվողն «Աթլետիկոյի» կազմում անցկացրած 15 մեկնարկային խաղերում խփել է 12 գոլ: Դա Իսպանիայի առաջնությունում նոր թիմի կազմում լավագույն մեկնարկն է «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ժամանակներից հետո: Այժմ Թուրինի Յուվենտուսում» խաղացող 35-ամյա Ռոնալդուն 2009/10 մրցաշրջանում «Ռեալի» կազմում 13 գոլ էր խփել մեկնարկային 15 խաղերում, հայտնում է Opta Sports-ը:

Լուիս Սուարեսն այս մրցաշրջանից առաջ կատալոնական «Բարսելոնայից» է տեղափոխվել «Աթլետիկո»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում