10:30  ,  21 հունվարի, 2021

Արամ Ավագյան. Անցկացրի լավ մենամարտ և արժանի էի հաղթանակի

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսաթեթև քաշային կարգում WBC International Silver վարկածով չեմպիոն Արամ Ավագյանը երկրորդ ոչ ոքին է գրանցել կարիերայում:

ԱՄՆ-ում տեղի ունեցած 8 ռաունդանոց մենամարտում հայ բռնցքամարտիկը մրցել է պանամացի Խոսե Նունյեսի հետ: Մրցավարներից մեկը գրանցել է Նունյեսի առավելությունը՝ 77-75 , իսկ մյուս 2 մրցավարներն արձանագրել են ոչ ոքի՝ 76-76:

Մենամարտից հետո 30-ամյա Ավագյանը դժգոհել է մրցավարների աշխատանքից և նշել, որ ինքն արժանի էր հաղթանակի:

«Ես ամեն ինչ արեցի հաղթանակի հասնելու համար: Նա նույնիսկ չի վնասել ինձ, ստացել եմ մի քանի հարվածներ, որոնք կասեցրել եմ: Իսկ նա բաց էր թողնում բոլոր ուժեղ հարվածները: Կարծում եմ՝ անցկացրի լավ մենամարտ և արժանի էի հաղթանակի: Ինձ չի հետաքրքրում ռևանշ մենամարտ անցկացնելու գաղափարը, եթե այն կրկին այսպես են դատելու: Ամեն դեպքում, կցանկանայի նորից հանդիպել նրա հետ»,- հայ բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:

Հիշեցնենք, որ Արամ Ավագյանը նախորդ մենամարտն անցկացրել էր 2020 թվականի մարտի 13-ին ԱՄՆ-ի Հինքլեյ քաղաքում՝ միավորներով հաղթելով Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Դագուվերտո Ագուերոյին: 2 ոչ ոքիներից բացի, նա 10 հաղթանակ է տարել պրոֆեսիոնալ ռինգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում