15:15  ,  20 հունվարի, 2021

Արման Ծառուկյան. Ամեն բան գնում է Քոնոր - Խաբիբ ռևանշին

UFC-ում հանդես եկող ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանը կարծիք է հայտնել երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի և ամերիկացի Դասթին Պորիեի մենամարտի մասին: Հաղթողը կդառնա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնի հավակնորդ: Այդ գոտին պատկանում է կարիերան ավարտելու մասին հայտարարած ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին:

«Կարծում եմ՝ Խաբիբ Նուրմագոմեդովը սպասում է, թե ով, ինչպես իրեն կդրսևորի այդ մրցաշարում: Եթե ոչ ոք չհետաքրքրի նրան, ապա նա կազատի տիտղոսը, այլ տարբերակ չկա: Կարծում եմ՝ ամեն բան գնում է Քոնոր – Խաբիբ ռևանշին: Եթե Քոնորը հաղթի նոկաուտով, կարծում եմ՝ նա կտպավորի Խաբիբին, և նրանք կանցկացնեն ռևանշ մենամարտ: Դա կլինի շատ հետաքրքիր:

Չեմ կարող ասել, թե ով կհաղթի: Եթե Քոնորը լավ մարզավիճակում է, ապա հենց նա կհաղթի: Դասթինը ևս ունի շանսեր: Ըմբշամարտում նա ունի փոքր առավելություն, իսկ բռնցքամարտում Քոնորի մակարդակն ավելի բարձր է: Քոնորն առավելություն ունի այդ մենամարտում»,- հայ մարտիկի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորի և Դասթին Պորիեի մենամարտը տեղի կունենա հունվարի 23-ին Աբու Դաբիի «Մարտական կղզում»։ Նրանք հանդիպել են նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով:

Նույն մրցաշարի ընթացքում Արման Ծառուկյանն ուժերը կչափի Գերմանիան ներկայացնող Նասրատ Հակպարաստի հետ:

 



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում