13:15  ,  19 հունվարի, 2021

Մանջուկիչն ընտրել է խաղային համարը «Միլանում», Իբրահիմովիչն արձագանքել է տրանսֆերին

Մյունխենի «Բավարիայի», Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Մարիո Մանջուկիչը կողմնորոշվել է «Միլանում» խաղային համարի հարցում: 34-ամյա խորվաթ ֆուտբոլիստն իտալական ակումբում հանդես կգա 9 համարի մարզաշապիկով, հայտնում է Sky Sport Italia-ը:

Մանջուկիչն արդեն բուժզննում է անցել «Միլան» տեղափոխության համար: Սպասվում է, որ նա «Միլանի» հետ կկնքի կես տարվա պայմանագիր, որը կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: Այս մրցաշրջանում հարձակվողը կստանա 1.8 միլիոն եվրո աշխատավարձ:

«Միլանի» 39-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Կալյարիի» նկատմամբ հաղթանակից (2:0) ու դուբլի հեղինակ դառնալուց հետո հայտնել է, որ Մանջուկիչն արդեն պայմանագիր է կնքել ակումբի հետ:

«Մարիո Մանջուկիչը պայմանագիր է կնքել, նա տեղափոխվում է «Միլան»: Այնպես որ, մենք երկուսով կվախեցնենք մրցակիցներին»,- Sky Sport-ի եթերում ասել է Իբրահիմովիչը:

Հիշեցնենք, որ Մանջուկիչն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «Միլանին»: Հարձակվողի նախորդ ակումբը Քաթարի «Ալ Դուհաիլն» է, որը նա լքել է 2020թ․ հուլիսին։

Խորվաթ հարձակվողն ակումբային կարիերայի ընթացքում անցկացրել է 497 պաշտոնական հանդիպում, խփել 197 գոլ, կատարել 84 գոլային փոխանցում։ Խորվաթիայի հավաքականի հետ նա 2018-ին դարձել է աշխարհի փոխչեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում