16:03  ,  15 հունվարի, 2021

Exclusive. Արթուր Աբրահամը հայտարարեց կարիերան ավարտելու մասին

Պաշտոնապես հայտարարում եմ, որ ավարտել եմ բռնցքամարտիկի կարիերան։ Այլեւս չեմ ցանկանում մենամարտել, այժմ ուզում եմ իմ ժամանակն անցկացնել երեխաներիս, ընտանիքիս, ծնողներիս հետ։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը: Գերմանիայում բնակվող 40-ամյա բռնցքամարտիկն այս օրերին ընտանիքի հետ Երեւանում է։ Նա տեւական ժամանակ բացակայում է ռինգից։ Մարզիկի կարիերան ավարտելու մասին պաշտոնական հայտարարություն դեռեւս չէր արել։ NEWS.am Sport-ի հետ զրույցում Արթուր Աբրահամը պաշտոնապես հայտարարեց, որ այլեւս չի մենամարտելու։

Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է 2019-ի ապրիլի 28-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում, որտեղ հաղթել էր դանիացի Պատրիկ Նիլսենին: Գերմանիայում բնակվող հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 53 մենամարտերում տարել է 47 հաղթանակ և կրել 6 պարտություն:

Արթուր, երկար ժամանակ չես մենամարտում։ Մարզական կարիերադ ավարտելու մասին պաշտոնապես չես հայտարարել։ Սա դադա՞ր է, թե՞ ավարտել ես կարիերադ։

Չեմ հայտարարել իմ կարիերան ավարտելու մասին, բայց ինքս ավարտած եմ համարում։ Հաջորդ ամիս դառնում եմ 41 տարեկան եւ արդեն ավարտելու ժամանակն է։ Կարծում եմ՝ ես որոշ չափով հասել եմ իմ հաջողություններին։ Հերիք է։ Այլեւս չեմ ցանկանում մենամարտել։ Ուզում եմ ժամանակս երեխաներիս նվիրել, լինել ընտանիքիս, ծնողներիս, ընկերներիս ու բարեկամներիս հետ։ 35 տարի իմ կյանքն անցել է մարզումների մեջ։ Տարվա 6-7 ամիսը ես եղել եմ հավաքների վայրում. այդպես 35 տարի։ Տանը գրեթե չեմ եղել։ Հիմա ուզում եմ մի քիչ տանը մնալ, ապրել առանց օրակարգի։ Առաջ օրս դասավորվում էր այսպես՝ առավոտյան մարզումներ ժամը 7-ին, ապա 10-ին, հետո 17։30-ին ու այդպես ամեն օր։ Հիմա ամեն ինչ այլ է՝ մարզվում ես, երբ ուզում ես ու որքան ուզում ես։

Երբ երեխաներ ես ունենում, ուզում ես անընդհատ նրանց հետ լինել։ Մեր՝ մարզիկներիս կյանքն այլ է՝ 10-12 քմ տարածքով սենյակ, մարզումներ, լոգանք, սնվել, քնել-հանգստանալ, նորից մարզում, լոգանք, դարձյալ սնվել... այդպես ամբողջ օրդ։ Այս օրակագով ես ապրել եմ տարիներ։

Եթե նորից սկսեիր մարզական ուղիդ, այս նո՞ւյնը կանցնեիր։

Իհարկե, մեծ հաճույքով։ Մարզիկի կյանքը դժվար է, շատ ես արյուն ու քրտինք կորցնում, կոտրվածքներ ես ունենում։ Ոչինչ հեշտ չի տրվում։ Երբ ամենաբարձրունքին ես հասնում, հասկանում ես՝ ինչ ես արել, ինչի ես հասել, երբ գիտակցում ես, որ այդ բարձրունքին աշխարհում քիչ մարդիկ են կարողանում հասնել, այդ դժվարություններն այլեւս աչքիդ չեն երեւում։

Այսինքն՝ կարող ենք այժմ պաշտոնապես հայտարարել, որ Արթուր Աբրահամն ավարտել է մարզիկի կարիերան։

Իհարկե, այո կարող ենք։

Հնարավո՞ր է՝ քեզ մի օր տեսնենք մարզիչի կարգավիճակում։

Ոչ, չեմ ցանկանում մարզիչ լինել։ Գուցե մենեջեր դառնամ, բայց ոչ մարզիչ։ Եթե մարզիկը 6-7 ամիս տանը չի լինում, մարզիչը 8-9 ամիս է բացակայում։ Մարզիչի կարգավիճակը շատ ավելի դժվար է։ Ես գնում եմ հավաքների, մենամարտս անցկացնում եմ ու գնում 2-3 շաբաթ հանգստանալու։ Մարզիչը գնում է հերթական մարզիկի հետ հավաքների, որը պատրաստվում է մենամարտի։ Մարզիչ լինելը մեծ աշխատանք է, որը շատերը թերագնահատում են։ Մարզիչը կատարում է ուժեղ աշխատանք՝ ֆիզիկական, հոգեբանական, մարդկային վերաբերմունքով։

Լավագույն մարզիկը կարո՞ղ է լավագույն մարզիչ դառնալ։

Քիչ են այդ դեպքերը։ Իմ մարզիչը լավ մարզիկ չի եղել, աշխարհի չեմպիոն չի եղել, բայց նա հզոր մարզիչ է։ Օրինակ՝ գուցե Մեյվեզերը լինի լավ մարզիչ։ Հազվադեպ է լինում, որ բարձրակարգ, աշխարհի չեմպիոն մարզիկները լավ մարզիչներ են դառնում։ Շատ քիչ են դեպքերը։

Այս շրջանում ինչո՞վ ես զբաղվում։

Իմ անձնական հարցերով, գործերով եմ զբաղվում։ Սպորտից դուրս իմ աշխատանքներ եմ կատարում, որը ստեղծել եմ մարզական կարիերայից հետո զբաղվելու համար։ Սպորտային առումով մարզվում եմ օրական մեկ անգամ, որպեսզի պահպանեմ ֆիզիկական վիճակս։

Նախատեսում էիր բռնցքամարտի դպրոց հիմնել Չարբախում։ Ի՞նչ փուլում է։

Դպրոցի հողն արդեն գնել ենք։ Այս տարի կսկսենք շինարարական աշխատանքները։ Կառուցելու ենք հիմնովին նոր դպրոց, որը լինելու է ոչ միայն բռնցքամարտի, այլեւ՝ արվեստի։

Արթուր, դու Հայաստանում ամենաքննարկվող մարզիկներից մեկն ես, ում հետ կապված ցանկացած տեղեկություն հասարակության կողմից բուռն արձագանքի է արժանանում։ Հնարավո՞ր է մի օր քեզ տեսնենք քաղաքական դաշտում։

Ոչ, հնարավոր չէ։ Երբեք չպետք է ասես երբեք, բայց 99,9 տոկոսով՝ ոչ, որովհետեւ ես ուզում եմ իմ ընտանիքին նվիրվել։ Նշեցի, որ 35 տարի ապրել եմ մի սենյակի մեջ, չորս պատերի արանքում ու միայն հավաքներով, մարզումներով։ Հիմա ազատ ապրելու ժամանակն է։ Եթե ուզում ես լավ քաղաքական գործիչ լինել, ուրեմն ճանապարհ պետք է անցնես, ամեն մի մանրուք իմանաս։ Եթե լինել քաղաքական գործիչ, ուրեմն լավ գործիչ պետք է լինել, իսկ դրա համար ժամանակ է պետք։ Ես քաղաքական դաշտում ճանապարհ չունեմ անցած, այդ պատճառով էլ ասում եմ՝ ոչ։ 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ