01:02  ,  22 սեպտեմբերի, 2012

Գարիկ Հարությունյանը` բրոնզե մեդալակիր

Խորվաթիայի Պորեչ քաղաքում ավարտվեց ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը:

Առավել հաջող հանդես եկավ եւ մրցանակային 3-րդ տեղը գրավեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանող 55կգ քաշային կարգում հանդես եկող վանաձորցի Գարիկ Հարությունյանը, նա գրանցեց մեկ պարտություն  եւ չորս հաղթանակ: Գարիկ Հարությունյանը երկրորդ եւ 5-րդ վճռորոշ գոտեմարտերն անցկացրեց Ադրբեջանը ներկայացնող Ռասիմ Ալմամեդովի եւ Մեհման Սադիգովի հետ եւ երկու գոտեմարտերում էլ հասավ բացարձակ առավելության:

66կգ քաշային կարգում հանդես եկող Գեւորգ Թորոսյանը երկու անընդմեջ հաղթանակից հետո պարտվեց հոլանդացի Ջորդի Բակեսին եւ դուրս մնաց մեդալների համար պայքարից, նույն քաշային կարգում Դավիթ Ղազարյանը առաջին գոտեմարտում հաղթեց թուրք Թոփալ Օգուզ Խանին այնուհետեւ պարտվեց պորտուգալացի Լուիզ Մենգեսին, 60կգ քաշային Արսեն Ղազարյանը առաջին գոտեմարտում հանդիպեց ապագա ոսկե մեդալակիր Զաուր Կալաշովին եւ դուրս մնաց պայքարից, նույն նքաշային կարգում հանդես եկող  Արսեն Թովմասյանը առաջին հանդիպումը ավարտեց հաղթանակով սլովենացի մարզիկի նկատմամբ այնուհետեւ պարտվեց իտալացի Մառի  Դի Լորետո Կարմիային եւ նույնպես դուրս մնաց պայքարից:

Սեպտեմբերի 22-ին տատամի դուրս կգան գյումրեցի Արտավազդ Հովսեփյանը (73կգ) եւ չարենցավանցի Մհեր Թավաքալյանը (81կգ):

Առաջնությանը մասնակցում են 40 երկրների 478 ձյուդոիստներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում