09:21  ,  31 դեկտեմբերի, 2020

NEWS.am Sport. Տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձությունները (ֆոտոշարք)

Ժամեր անց պատմության գիրկը կանցնի 2020 թվականը, որը, չնայած կորոնավիրուսի համավարակին, ֆուտբոլային առումով իրադարձություններով հարուստ էր ինչպես համաշխարհային, այնպես էլ հայկական ֆուտբոլում: Հայաստանի հավաքականի պատմական հաջողությունից մինչև Եվրոպայի առաջնության հետաձգում, «Լիվերպուլի» տևական ընդմիջումով չեմպիոնությունից մինչև Ռոբերտ Լևանդովսկու՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել:

NEWS.am Sport-ը ներկայացնում է տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձությունները:

Խոակին Կապառոսը գլխավորեց Հայաստանի հավաքականը

Այս տարվա մարտին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գլխավորեց իսպանական «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը: Անկասկած, Հայաստանի հավաքականը երբևէ չէր ունեցել իսպանացի անվանի մասնագետի «տրամաչափի» մարզիչ: Կապառոսը նոր աշխատանքում հաջողության հասավ առաջին իսկ մրցաշրջանում՝ հաղթելով Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խաղում (Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Վրաստան, Էստոնիա): Հայաստանի հավաքականը գլխավորելիս Խոակին Կապառոսը նշել էր, որ իր գլխավոր նպատակը 2022թ. աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելն է:

«Ռոման» ձեռք բերեց Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը

2019-ի սեպտեմբերից «Ռոմայում» վարձավճարով հանդես եկող Հենրիխ Մխիթարյանն այս տարվա օգոստոսին դարձավ իտալական ակումբի ֆուտբոլիստ: «Ռոման» Լոնդոնի «Արսենալից» գնեց Հայաստանի ազգային հավաքականի ավագի տրանսֆերային իրավունքը: Այս մրցաշրջանում Մխիթարյանը Հռոմի թիմի ամենակարևոր խաղացողներից է: Իտալիայի ընթացիկ առաջնության 14 տուրերում նա մասնակցել է 14 խաղի և դարձել 7 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանը Եվրոպայի 5 առաջատար առաջնություններում (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) լավագույններից է «Գոլ+փոխանցում» հաշվարկով:

Մարկոսն ավարտեց կարիերան

Հայաստանի հավաքականի պատմության լավագույն խաղացողներից Մարկոս Պիզելին հունվարին հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Նախորդ տարվա դեկտեմբերին բրազիլացի կիսապաշտպանը պայմանագիր կնքեց «Արարատ-Արմենիայի» հետ, սակայն մարզումներից մեկի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով ստիպված եղավ ավարտել կարիերան:

36-ամյա Պիզելին 2008 թվականից հանդես էր գալիս Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 68 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ: Ակումբային կարիերայի ընթացքում նա հանդես եկավ Երևանի «Արարատում», «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում», Կրասնոդարի «Կուբանում» և «Կրասնոդարում», Սաուդյան Արաբիայի առաջնությունը ներկայացնող «Ալ-Ռայեդում», ԱՄԷ-ի առաջնությունը ներկայացնող «Ալ-Շաբաբում» ու «Ալ-Ֆուջարիայում», հունական «Քսանտիում» և ղազախական «Ակտոբեում»:

2018-ին Մարկոսը ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ՝ ընդհատելով Հենրիխ Մխիթարյանի հեգեմոնիան: «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցույթում դրան նախորդող 7 տարիներին հաղթել էր Մխիթարյանը:

Ամենահայ բրազիլացին երկրպագուների սիրելին դարձավ ոչ միայն ֆուտբոլային բարձր որակների, այլև Հայաստանի նկատմամբ ջերմ զգացմունքների շնորհիվ:

«Արարատ-Արմենիան» կրկնեց նախորդ տարվա հաջողությունը

Հայաստանի չեմպիոնի տիտղոսը պաշտպանած «Արարատ-Արմենիան» այս տարի ևս աղմկեց եվրագավաթներում, որտեղ մեկ քայլ չբավականացրեց խմբային փուլի ուղեգիր նվաճելու համար: «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը սկսեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվեց Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում էր Եվրոպայի լիգայում: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում հայկական ակումբը մեկխաղյա դիմակայությունում հաղթեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային» (4:3), երրորդ փուլում ուժեղ գտնվեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեից» (1:0), իսկ վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում պարտվեց սերբական «Ցրվենա Զվեզդային» (1:2): Նախորդ տարի ևս «Արարատ-Արմենիան» հասել էր Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլ, ինչն աննախադեպ ցուցանիշ էր հայկական ակումբների համար:

Եվրոպայի առաջնությունը հետաձգվեց

Կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարով հետաձգվեց Եվրո-2020-ը, որը պետք է տեղի ունենար հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնությանը պատմության մեջ առաջին անգամ պետք է մասնակցեին 24 հավաքականներ: ՈւԵՖԱ-ի որոշմամբ, Եվրո-2020-ը հետաձգվեց մեկ տարով և կանցկացվի 2021թ. հունիսի 11-ից հուլիսի 11-ը 12 քաղաքներում:

«Լիվերպուլի» չեմպիոնությունը՝ 30 տարվա ընդմիջումից հետո

«Լիվերպուլը» 30 տարվա ընդմիջումից հետո դարձյալ նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը: Նախորդ անգամ լիվերպուլցիներն Անգլիայի չեմպիոն էին հռչակվել 1989/1990թթ. մրցաշրջանում: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հաղթանակը գրեթե կասկած չէր հարուցում մրցաշրջանի ընթացքում: 38 տուրերում «Լիվերպուլը» վաստակեց 99 միավոր և 18 միավոր առաջ անցավ երկրորդ տեղը գրաված «Մանչեսթեր Սիթիից»:

«Լիվերպուլը» պատմության մեջ 19-րդ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն և այդ ցուցանիշով զիջում է միայն ռեկորդակիր «Մանչեսթեր Յունայթեդին» (20 տիտղոս):

«Բավարիան» նվաճեց հնարավոր բոլոր տիտղոսները

Մյունխենի «Բավարիան» նվաճեց հնարավոր բոլոր տիտղոսները: Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն այս տարի դարձավ Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող ու Եվրոպայի սուպերգավաթակիր։ «Բավարիան» նաև գրանցեց տարվա գլխավոր ֆուտբոլային սենսացիան՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում 8:2 հաշվով հաղթելով կատալոնական «Բարսելոնային»: «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ:

«Սևիլիան» դարձյալ հաղթեց Եվրոպայի լիգայում

Եվրոպայի երկրորդ ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում «Սևիլիայի» հաղթանակները սովորական են դարձել վերջին շրջանում: Վերջին 15 տարում իսպանական ակումբը 6 անգամ հաղթել է այս մրցաշարում: Եվրոպայի լիգայի նախորդ մրցաշարի եզրափակիչում «Սևիլիան» լարված պայքարում 3:2 հաշվով ուժեղ գտնվեց իտալական «Ինտերից»:

«Սևիլիան» Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը նվաճել էր նաև 2005-06, 2006-07, 2013–14, 2014-15 և 2015-16 մրցաշրջաններում:

Հայաստանում առաջին անգամ կիրառվեց լեգեոնականների սահմանափակում  

Հայաստանի առաջնությունում առաջին անգամ կիրառվեց լեգեոնականների սահմանափակում (չհաշված նախկինում գործած արտասահմանցի դարպասապահների լիմիտը): Կանոնակարգի համաձայն՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 9-ը պետք է լինեն Հայաստանում մարզված (այն ֆուտբոլիստներն են, ովքեր 15 տարեկանից մինչ 21 տարեկանը գրանցված են եղել ՀՀ տարածքում գրանցված որևէ ակումբում կամ ակումբներում նվազագույնը 3 խաղաշրջան), կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ 2 ֆուտբոլիստ: Այդ դրույթները խախտելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն:

Առաջին խմբի առաջնությունում լեգեոնականների լիմիտն ավելի խիստ է: Այստեղ հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 15-ը պետք է լինեն Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ, իսկ խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ 6 ֆուտբոլիստ:

Հայաստանի հավաքականի հաջողությունն Ազգերի լիգայում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հաղթեց պաշտոնական մրցաշարի խմբային փուլում: Գուցե Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում տարած հաղթանակը մեզ չտվեց աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ուղեգիր, սակայն այն պակաս կարևոր չէր՝ հատկապես այս ծանր իրավիճակում: Նույնիսկ չեզոք դաշտերում խաղալու ու պատերազմական իրավիճակում ծանր հոգեբանական վիճակում գտնվելու պայմաններում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ապացուցեցին, որ հայկական ֆուտբոլը դեռ ողջ է ու կարող է ուրախության ու հպարտության պահեր պարգևել երկրպագուներին:

Ազգերի լիգայում հաջողությունից հետո Հայաստանի հավաքականին մի փոքր չբավականացրեց Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունում չորրորդ զամբյուղում հայտնվելու համար: Այնուամենայնիվ, 5-րդ զամբյուղում մնալը գուցե ավելի լավ եղավ հայկական թիմի համար, քանի որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականն ընդգրկվեց J խմբում, որտեղ կմրցի Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտեյնշտեյնի հավաքականների հետ: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն ընտրական փուլը կսկսի Լիխտենշտեյնի հավաքականի հետ տնային հանդիպումով, որը տեղի կունենա 2021թ. մարտի 25-ին (խաղացանկ): 

Լևանդովսկին տարվա լավագույն ֆուտբոլիստն է, «Ոսկե գնդակն» առաջին անգամ չունեցավ դափնեկիր

Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվեց 2020թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ Քվեարկության արդյունքում նա առաջ անցավ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից ու կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից։

France Football-ն իր հերթին կորոնավիրուսի համավարակի պատճառով այս տարի չեղյալ էր հայտարարել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը: Պատմության մեջ առաջին անգամ մրցանակը բաժին չհասավ որևէ խաղացողի:

Հենրիխ Մխիթարյանը 10-րդ անգամ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը քվեարկության արդյունքում ճանաչվեց Հայաստանի 2020թ. լավագույն ֆուտբոլիստ: Հայաստանի ազգային հավաքականի ավագը 10-րդ անգամ է արժանանում այդ մրցանակին:

Քվեարկության արդյունքում 31-ամյա ֆուտբոլիստը հավաքեց 133 միավոր և առաջ անցավ Տիգրան Բարսեղյանից (79) ու Վահան Բիչախչյանից (25):

Այս տարի Հենրիխ Մխիթարյանն արտակարգ մարզավիճակում է և դարձել է «Ռոմայի» առաջատարներից մեկը: Այս տարի Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրեց ընդամենը 2 հանդիպում, սակայն դա նրան չխանգարեց հերթական անգամ ճանաչվել լավագույնը:

Լեգենդները հեռացան

Ֆուտբոլային իրադարձություններից բացի, այս տարին կհիշվի նաև տխուր լուրերով: Նոյեմբերի 25-ին 60 տարեկան հասակում սրտի կաթվածի հետևանքով մահացավ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան: Վերջին շրջանում աշխարհի չեմպիոնն ուներ առողջական խնդիրներ և կյանքի վերջին օրերն անցկացրեց հիվանդանոցում: Ֆուտբոլային աշխարհը մի քանի օր սգում էր լեգենդի մահը:

Դեկտեմբերի 22-ին կյանքից հեռացավ նաև Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Արկադի Անդրեասյանը: Երևանի «Արարատի» ու ԽՍՀՄ հավաքականի նախկին կիսապաշտպանը մահացավ սրտի խնդիրների պատճառով: Լեգենդար ֆուտբոլիստը 73 տարեկան էր:

Արկադի Անդրեասյանը ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում 1972-ին դարձել է Մյունխենում կայացած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Երեւանի «Արարատի» կազմում նա 1973-ին հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1973-ին եւ 1975-ին՝ ԽՍՀՄ գավաթակիր: Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Արկադի Անդրեասյանը 1979-ից սկսել է մարզչական կարիերա: Նա ունի ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչի, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչի կոչումներ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջինին աստիճանի մեդալակիր է:

Վերջերս Արկադի Անդրեասյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում վերհիշել էր «Արարատի» փառահեղ հաղթանակներից մեկը, որից անցել է 47 տարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ