00:29  ,  14 դեկտեմբերի, 2020

Կարապետ Չալյանը չնվաճեց բրոնզե մեդալ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց սերբ Վիկտոր Նեմեշի հետ եւ պարտվեց 1։4 հաշվով։

Գյումրեցի ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 որակավորման փուլից, որտեղ հաղթել էր լեհ Իվան Նիլիպիուկին (4:0): 1/8 եզրափակիչում ուժեղ գտնվեց իտալացի Մատեո Մաֆեցոլիից (4:2): Կիսաեզրափակիչի ուղեգիրը գյումրեցի ըմբիշը վիճարկեց կրկնակի օլիմպիական չեմպիոն, ռուս Ռոման Վլասովի հետ եւ պարտություն կրեց 1:3 հաշվով: Վլասովը նվաճեց եզրափակիչի ուղեգիր, Չալյանը հնարավորություն ստացավ պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար:

Սփոփիչ գոտեմարտում Չալյանը 4։1 հաշվով պարտության մատնեց Գերմանիայի ներկայացուցիչ Պասկալ Էյզելեին:  

Ավելի վաղ Հայաստանի համար արծաթե մեդալ էր նվաճել 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, բրոնզե մեդալ՝ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը:

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալի համար կպայքարեն գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը եւ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը։

130 կգ քաշայինների կիսազերափակիչում Օվասապյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Սեմենովի հետ եւ պարտվեց 0:8 հաշվով: Բրոնզե մեդալի համար նա կգոտեմարտի ուկրաինացի Միկոլա Կուչմիի հետ։

Օվասապյանը պայքարը սկսել էր որոկավորման փուլից, որտեղ 3:1 հաշվով հաղթել էր 2015 թվականի Միջերկրածովյան երկրների առաջնության փոխչեմպիոն, սերբ Բոբան Զինովիչին: Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը վերջին միավորի առավելությամբ հաղթել էր Չիլիի ներկայացուցիչ   Յասմանի Ֆերնանդեսին (1:1):

Բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն  է ստացել նաեւ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Ալեքսանյանը 97 կգ քաշայինների որակավորման փուլում մրցեց Մուսա Եվլոեւի հետ եւ պարտություն կրեց 1։5 հաշվով վիճահարույց մրցավարության պայմաններում։

Մուսա Եվլոեւը նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Արթուր Ալեքսանյանը դեկտեմբերի 14-ին կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար։ Սփոփիչ գոտեմարտերում նրա մրցակիցը կլինի բուլղարացի Կիրիլ Միլովը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում