09:47  ,  14 դեկտեմբերի, 2020

Ինչո՞ւ չի անցկացվում «Տարվա 10 լավագույն մարզիկ» մրցույթը. մեկնաբանում է ԿԳՄՍ ներկայացուցիչը

ԿԳՄՍ նախարարությունը որոշել է այս տարի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» քվեարկությունը չանցկացնել: Այդ մասին ավելի վաղ NEWS.am Sport-ին հայտնել էին ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից:

ԿԳՄՍ նախարարության Սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրել է ամենամյա մրցույթը չանցկացնելու պատճառները:  

«Ամենամյա մրցույթը անցկացնելու վերաբերյալ քննարկումներ են եղել նախարարության բարձրագույն նվաճումների վարչությունում, նաեւ սպորտի ոլորտը համակարգող փոխնախարարի հետ: Եկել ենք այն եզրակացության, որ այս տարի պետք չէ անցկացնել «Տարվա լավագույն մարզիկների տասնյակ» մրցույթը: Անցկացնելու դեպքում սխալ կընկալվի, ավելորդ խոսակցությունների տեղիք կտա:

Պայմանավորված համաշխարհային պանդեմիայով, մեր մարզիկների մեծ մասը չկարողացավ խոշոր մրցաշարերի մասնակցել: Արդյունքում՝ տարեվերջում Եվրոպայի, աշխարհի առաջնություններից 12 մեդալ ունենք: 12 մեդալակիր ունենալու պարագայում համարում ենք, որ  անթույլատրելի կլիներ անցկացնել «Տարվա լավագույն մարզիկների տասնյակ» մրցույթը:

Եթե մենք այս պարագայում ունենք 12 մրցանակակիր, արդեն իսկ իմաստազրկվում է մարզիկների միջեւ լավագույն տասին ընտրելը: Չենք կարողանալու ճիշտ ընտրություն կատարել: Ի՞նչ կարգով ընտրենք, ֆեդերացիաներին ի՞նչ պատասխան տանք, արդյո՞ք 12-ի միջից լավագույն տասին ընտրելու դեպքում մյուս մարզաձեւերի ներկայացուցիչներին չենք նեղացնի:

Եթե համաշխարհային պանդեմիայի խոչընդոտը չլիներ ու մենք այդ դեպքում էլ ունենայինք այսքան քիչ մեդալներ, միանշանակ կանցկացնեինք: Այսինքն՝ արդեն խնդիրը ֆեդերացիաներինը կլիներ, չմասնակցելը, մրցաշարերին չգնալը: Պատճառը ընդհանուր է, բոլորիս է վերաբերում, մեր մարզիկների մեղքով չէ, որ մրցաշարերին չեն կարողացել մասնակցել»,- մանրամասնեց Արթուր Սեդրակյանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարին Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ դարձավ չեմպիոն: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց նաեւ 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը: Նույն առաջնությունում բրոնզե մեդալակիրներ դարձան Կարապետ Չալյանն ու Կարեն Ասլանյանը: Ազատ ոճայիններից 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ նվաճեց: Հաջողություններ ունեցանք նաեւ մյուս մարզաձեւերում միջազգային մրցաշարերում:

Հարցին, թե ամեն դեպքում առանձին որեւէ պարգեւատրման կարժանան Եվրոպայի առաջնությունից մեդալով վերադարձած մարզիկները, ԿԳՄՍ ներկայացուցիչի խոսքով հարցը քննարկված չէ, բայց կդիտարկվի:

«Չեմ կարող ասել՝ նախարարությունը Եվրոպայի չեմպիոններին եւ մեդալակիրներին,  առանձին պարգեւատրում, խրախուսանք կտա, թե ոչ: Նման քննարկում չի եղել: Ամեն դեպքում Արթուր Ալեքսանյանի կամ մյուս մարզիկների տարվա ընթացքում բարձր արդյունքները  պարգեւատրվում են Կառավարության կողմից: Այսինքն՝ յուրաքանչյուր տարվա վերջում մարզիկներն իրենց բարձր նվաճումների համար Կառավարություն կողմից պարգեւատրվում են:   

Արթուր Ալեքսանյանը գերազանցել է իր արդյունքները, 5-ակի Եվրոպայի չեմպիոն է, բայց հարցը չի քննարկվել՝ այս  բարձրագույն նվաճման պարագայում նախարարության կողմից պարգեւատրման: Գուցե քննարկենք, մեդալ նվաճած մարզիկներին խրախուսելու որեւէ տարբերակ գտնենք:

Իրականում սա էլ է նուրբ հարց. մյուս մարզաձեւերի ներկայացուցիչները, որոնք ըմբիշների պես խոշոր մրցաշարի մասնակցելու հնարավորություն ունենային, գուցե կարողանային բարձր նվաճում ունենալ: Գուցե նրանց մոտ էլ ստացվեր Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոնի կոչումներ նվաճել: Արթուր Ալեքսանյանը մեր լավագույն մարզիկներից է, բայց գուցե մյուսների մոտ էլ ստացվեր ոսկե մեդալ նվաճել: Մյուս մարզաձեւերի ներկայացուցիչներն ինչքանո՞վ են մեղավոր, որ նման հնարավորություն չեն ունեցել:

Ամեն ինչ պետք է անենք, որ իրավիճակից ելնելով, որեւէ մարզիկի չնեղացնենք: Բոլորն էլ մերն են, մեր լավագույններն են: Այնպես պետք է անենք, որ որեւէ կետում «ինչու, ինչպես» հարցերի առաջ չկանգնենք»,- ասաց Արթուր Սեդրակյանը:

Հիշեցնենք, որ «Տարվա 10 լավագույն մարզիկ» քվերակությունն անցկացվում է յուրաքանչյուր տարվա դեկտեմբերին մարզիչների, մարզական լրագրողների եւ երկրպագուների sms քվեարկությունների արդյունքում:

Լավագույն մարզիկներն ընտրվում են տարվա ընթացքում ձեռք բերած բարձր նվաճումների արդյունքներով:

Ըմբիշներից բացի, տարեսկզբին հաջող հանդես եկան նաեւ ծանրորդները օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Իրանի Ռաշտ քաղաքում տեղի ունեցած մրցաշարում Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականը նվաճեց երկու արծաթե մեդալ եւ 5 փոքր մեդալ: Վարկանիշային մրցաշարում արծաթե մեդալակիրներ դարձան Սիմոն Մարտիրոսյանն ու Հակոբ Մկրտչյանը: Մյուս մարզաձեւերի միջազգային մրցաշարերում եւս հաջողություններ ունեցանք:

Մրցաշրջան-2020-ում հաջողվեց եւս մեկով ավելացնել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրերի քանակը: Մարտի 14-ին Լոնդոնում մեկնարկած ու դադարեցված բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը նվաճեց օլիմպիական ուղեգիրը:

2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով բազմաթիվ խոշոր մրցաշարեր՝ Եվրոպայի, աշխարհի առաջնություններ տեղի չունեցան: Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով, մի շարք մրցաշարեր չեղարկվեցին: Մրցաշրջան-2020-ում չեղարկված, դադարեցված եւ հետաձգված մրցաշարերը կանցկացվեն 2021 թվականին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում