16:34  ,  13 դեկտեմբերի, 2020

Աշխարհի գավաթ. Դավիթ Օվասապյանը կիսաեզրափակիչում է, Գեւորգ Ղարիբյանը պարտվեց քառորդ եզրափակիչում (ֆոտո)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում գերծանր քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Օվասապյանը հաղթեց Չիլիի ներկայացուցիչ   Յասմանի Ֆերնանդեսին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Գոտեմարտն ավարտվեց 1:1 հաշվով, վերջին միավորի առավելությամբ հաղթանակը շնորհվեց Հայաստանի ներկայացուցիչին:  Օվասապյանը պայքարը սկսել էր որոկավորման փուլից, որտեղ 3:1 հաշվով հաղթել էր 2015 թվականի Միջերկրածովյան երկրների առաջնության փոխչեմպիոն, սերբ Բոբան Զինովիչին:

 Եվրոպայի գործող չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը պարտվեց քառորդ եզրափակիչում: Ղարիբյանը մրցեց Ղրղզստանի ներկայացուցիչ Կալի Սուլեյմանովի հետ պարտվեց 3:4 հաշվով:  Ղարիբյանը մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ 3:1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել թուրք Աբդուրահման Ալտանի նկատմամբ:

Սլավիկ Գալստյանը (67 կգ) բրոնզե մեդալի համար պայքարում սփոփիչ գոտեմար անցակցրեց Պերուի ներկայացուցիչ Գոնսալո Գասրիայի հետ եւ հաղթանակ տարավ 5։1 հաշվով։ Բրոնզե մեդալի համար Գալստյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Արթուր Պոլիտաեւը։

Կարապետ Չալյանը (77 կգ) նույնպես հաղթանակ տարավ սփոփիչ գոտեմարտում։ Նա 4։1 հաշվով պարտության մատնեց Գերմանիայի ներկայացուցիչ Պասկալ Էյզելեին եւ բրոնզե մեդալի համար կգոտեմարտի սերբ Վիկտոր Նեմեշի հետ։

Մալխաս Ամոյանը (72 կգ) մրցումային առաջին օրը 3 տպավորիչ հաղթանակ (6:0, 12:0, 7:0) տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 33-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ:

Մրցումային երկրորդ օրը գորգ դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչները պարտվեցին:

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշայինների որակավորման փուլում մրցեց Մուսա Եվլոեւի հետ եւ պարտություն կրեց 1։5 հաշվով վիճահարույց մրցավարության պայմաններում։ Գոտեմարտից հետո Արթուր Ալեքսանյանը ցուցադրաբար ծափահարեց մրցավարներին կողմնակալության համար եւ զգուշացվեց։

Հիշեցնենք, որ անցած տարի Նուրսուլթանում տեղի ունեցած աշխարհի առաջնության 97 կգ քաշայինների եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը կողոսկրի վնասվածքի պատճառով հրաժարվեց եզրափակիչ գոտեմարտից եւ ոսկե մեդալը զիջեց Մուսա Եվլոեւին:

60 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը որակավորման փուլում մրցեց Հնդկաստանի ներկայացուցիչ Գյանենդեր Գյանենդերի հետ եւ պարտություն կրեց 0։3 հաշվով։

82 կգ քաշային Ռուբեն Ղարիբյանը, որին հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը աշխարհի գավաթի կազմի մեջ ընդգրկեց վերջին պահին, մեկնարկեց 1/16 որակավորման փուլից եւ 1։9 հաշվով պարտվեց ռումինացի Գեորգի Մարիեային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում