21:44  ,  10 դեկտեմբերի, 2020

Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակ այս տարի չի լինի

2020 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» քվեարկությունը չի անցկացվելու: Այս մասին NEWS.am Sport-ին հայտնեցին ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Որոշում է կայացվել նախարարության կողմից կազմակերպվող եւ անցկացվող ամենամյա մրցույթն այս տարի չանցկացնել: 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով բազմաթիվ խոշոր մրցաշարեր՝ Եվրոպայի, աշխարհի առաջնություններ, այդ թվում Տոկիոյի Օլիմպիական խաղերը տեղի չունեցան: Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով, մի շարք մրցաշարեր ուղղակի չեղարկվեցին:

Հիշեցնենք, որ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» քվերակությունն անցկացվում է յուրաքանչյուր տարվա դեկտեմբերին մարզիչնեի, մարզական լրագրողների եւ երկրպագուներ sms քվեարկությունների արդյունքում:

Լավագույն մարզիկներն ընտրվում են տարվա ընթացքում ձեռք բերած բարձր նվաճումների արդյունքներով: Մինչեւ համավարակի տարածումն ու կարանտինը, մի քանի մարզաձեւերում ունեցել ենք բարձր արդյունքներ:

Այդպես՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Հռոմում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 5-րդ անգամ հռչակվեց չեմպիոն: Նույն առաջնությում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց նաեւ 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը: Հռոմի մրցագորգում Հայաստանի հավաքականը նվաճեց եւս երկու մեդալ: 77 կգ քաշային Կարապետ Չալյանն ու Կարեն Ասլանյանը դարձան բրոնզե մեդալակիրներ:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից մրցաշրջան-2020-ում մեդալ է նվաճել միայն 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: 2020 թվականի Եվրոպայի առաջնությունում Հարությունյանը բավարարվեց բրոնզե մեդալով:

Տարեսկզբին հաջող հանդես եկան նաեւ ծանրորդները: Օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Իրանի Ռաշտ քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականը նվաճեց երկու արծաթե մեդալ եւ 5 փոքր մեդալ: Վարկանիշային մրցաշարում արծաթե մեդալակիրներ դարձան Սիմոն Մարտիրոսյանն ու Հակոբ Մկրտչյանը:

Մրցաշրջան-2020-ում հաջողվեց եւս մեկով ավելացնել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրերի քանակը: Մարտի 14-ին Լոնդոնում մեկնարկած ու դադարեցված բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը նվաճեց օլիմպիական ուղեգիրը: Մրցաշրջան-2020-ում չեղարկված, դադարեցված եւ հետաձգված մրցաշարերը կանցկացվեն 2021 թվականին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում