11:15  ,  6 դեկտեմբերի, 2020

Ռաֆայել Նազարյան. Հայ ֆուտբոլիստների առաջընթացին խանգարել են արտաքին գործոնները

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել Նազարյանը վերջերս երկրորդ անգամ գլխավորեց Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը, որտեղ աշխատել է նաև 2011-2013 թվականներին: 2019 թվականի օգոստոսից 45-ամյա մասնագետը գլխավորում է նաև Երևանի ԲԿՄԱ-ն, որը, չնայած երիտասարդ կազմին, բավական հաջող է հանդես գալիս Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում և 10 խաղից հետո 100 տոկոսանոց ցուցանիշով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ռաֆայել Նազարյանը Հայաստանի երիտասարդական հավաքականում աշխատանքը պետք է սկսեր Շվեդիայի ու Իսլանդիայի  դեմ Եվրո-2021-ի ընտրական փուլի վերջին 2 տուրերի խաղերով, որոնք նախատեսված էին անցկացնել չեզոք դաշտում՝ Կիպրոսի Լառնակա քաղաքում, սակայն հանդիպումները չեղարկվեցին հայկական թիմում կորոնավիրուսի բռնկման պատճառով:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռաֆայել Նազարյանը պատմեց նոր նշանակման և հայկական ֆուտբոլի խնդիրների մասին:

Պարոն Նազարյան, շնորհավորում եմ Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավորելու առթիվ: Գլխավորել եք մի թիմ, որը նախորդ խաղում պարտվել է 0:10 հաշվով, և դժվար է չանդրադառնալ այդ հանդիպմանը: Մրցակիցն, իրոք, այդքան ուժե՞ղ էր, թե՞ մեր թիմը շատ թույլ խաղ ցուցադրեց:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Ինչ վերաբերում է նախորդ խաղին, դա անցյալ է և չեմ ցանկանա անդրադառնալ: Դիտել եմ այդ հանդիպումը, բայց իմ մեկնաբանությունը կլինի դեպի անցյալ: Դա սև էջ էր, որը պետք է մոռանալ և նայել ապագային: Նայում ենք առաջ:

Մեղմ ասած, այնքան էլ լավ ժառանգություն չէիք ստացել նոր աշխատանքը սկսելիս: Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավորելու որոշումը հե՞շտ տրվեց Ձեզ:

Եթե հաշվի առնենք, որ վերջին 2 խաղերում ես պետք է գլխավորեի թիմը, դժվար էր ինձ համար՝ հատկապես այդ պարտությունից հետո: Սակայն, ես լավ եմ պատկերացնում երիտասարդական հավաքականը գլխավորելու պատասխանատվությունը, քանի որ նախկինում ևս զբաղեցրել եմ այդ պաշտոնը: Դժվարությունն այն էր, որ ես պետք է սկսեի ոչ թե զրո կետից, այլ՝ նախորդի վերջից: Այնուամենայնիվ, այնպես ստացվեց, որ վերջին 2 խաղերը չկայացան:

Սովորաբար, երիտասարդական հավաքականները խաղացողներ են պատրաստում ազգային թիմի համար: Սակայն Հայաստանի դեպքում դա, համենայնդեպս, վերջին տարիներին չի ստացվում: Ինչի՞ հետ եք կապում դա:

Երիտասարդական հավաքականը ֆուտբոլիստներ պատրաստում է ազգային հավաքականի համար, սակայն ֆունդամենտալ աշխատանքները կատարվում են ակումբներում: Այն ֆուտբոլիստները, որոնք համապատասխանում են այդ հավաքականին, պետք է իրենց թիմում խաղային պրակտիկա ունենան և խաղաժամանակ ստանան: Այդ առումով հարցն ավելի գլոբալ է ու ավելի բազմավեկտոր:

Ֆուտբոլիստներն ազգային հավաքականում խաղալուն պետք է պատրաստվեն ոչ միայն երիտասարդական հավաքականում խաղալով, այլև պետք է առաջընթաց ու դինամիկ շարժ գրանցեն նաև իրենց ակումբներում: Պետք է ակումբներում բացել խցանումները, ես այդպես եմ անվանում դա: Եթե թիմերում չկա սահմանափակում, իհարկե, չեն խաղում հայ ֆուտբոլիստները, հատկապես՝ այդ տարիքի: Այդպիսի տարիքում խաղացողները, հնարավոր է, սխալվեն, փորձ ձեռք բերեն և այլն:

Պետք է բացել այդ խցանումները, ավելի խստացնել լեգեոնականների սահմանափակումը, որպեսզի թիմերն ինքնաբերաբար գործողություններ իրականացնեն ի նպաստ Հայաստանի ֆուտբոլի ազգային շահի: Ֆուտբոլիստների մեծ մասը կրթվում է ակումբներում խաղալով, իսկ երիտասարդական հավաքականն ապահովում է միջազգային խաղերի փորձ: Այսինքն՝ այդ հարցով զբաղվում է ոչ միայն երիտասարդական հավաքականը, այլև ակումբները: 

Դուք ունեք երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատելու հարուստ փորձ: Եթե համեմատականներ տանենք, ավելի ցածր տարիքային հավաքականներում իրավիճակն ավելի hուսադրո՞ղ է, թե՝ ոչ:

Ես ունեմ փորձ՝ աշխատելու ոչ միայն երիտասարդ խաղացողների հետ, այլև՝ փորձառու թիմերի: Բավական երկար ժամանակ եմ ֆուտբոլում և աշխատել եմ տարբեր վայրերում: Երիտասարդ ֆուտբոլիստների հարցում կան որոշակի նրբություններ: Տեսեք, թե ինչ է եղել Հայաստանում: Քանի որ Հայաստանում չեն եղել ազգային ֆուտբոլի շահը առաջնահերթ դարձնող որոշումներ, հայ ֆուտբոլիստները, որոնք շատ լավն ու որակյալ են, անկում են ապրել:

Հանգամանքների բերումով ու արտաքին գործոնների պատճառով այդ խաղացողներին չեն տվել խաղալու հնարավորություն, ինչի պատճառով հոգեբանական մեծ ճնշում են գործադրել հայ երիտասարդ ու մյուս ֆուտբոլիստների վրա: Հայ ֆուտբոլիստներն իրենց զգացել են որպես լեգեոնական, այսինքն՝ տեղի է ունեցել հակառակ պատկերը: Իսկ հոգեբանությունը չափազանց մեծ կարևորություն ունի ֆուտբոլում: Մարդն ունի անսահմանափակ հնարավորություններ, ֆուտբոլիստը՝ նույնպես: Երիտասարդ ֆուտբոլիստներին պետք է վստահել, կրթել, կայունացնել, որպեսզի նրանք ճիշտ հարթեն իրենց ճանապարհը դեպի միջազգային, ավելի բարձրակարգ ու պրոֆեսիոնալ ֆուտբոլ:

Այս առումով կան խնդիրներ: Ես տարբեր տեղերում աշխատելիս փորձել եմ այդ հարցերում աջակցել երիտասարդ խաղացողներին: Այնտեղ, որտեղ հիմա ես աշխատում եմ, մեր գլխավոր նպատակն է, որ հայ ֆուտբոլիստները գիտակցեն ու հասկանան, որ իրենք պահանջված են ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում: Խնդիրները հոգեբանական են, որոնք պայմանավորված են արտաքին գործոններով: Պետք է տալ ինքնադրսևորվելու հնարավորություն: Եթե մարդուն չես տալիս հնարավորություն կամ տալիս ես 15 րոպե խաղաժամանակ, բնականաբար, նա չի կարող դրսևորել իրեն այնպես, ինչպես հարկն է:

2019 թվականի օգոստոսից գլխավորում եք ԲԿՄԱ-ն, որը, չնայած երիտասարդ կազմին, շատ հաջող է հանդես գալիս Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում: Համատեղելո՞ւ եք աշխատանքը ԲԿՄԱ-ում ու երիտասարդական հավաքականում:

Այո, կհամատեղեմ աշխատանքը ակումբում ու երիտասարդական հավաքականում: Ծանրաբեռնվածության առումով որևէ խնդիր չկա:

Օրեր առաջ ԲԿՄԱ-ն Հայաստանի գավաթի խաղարկությունից դուրս թողեց Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Լոռիին»: Կարելի՞ է ասել, որ դա Ձեր գլխավորած թիմի լավագույն խաղն էր այս մրցաշրջանում:

Դա մեր լավագույն խաղն էր տակտիկական, կամքի ու ցանկության առումով, բայց լավ խաղեր մենք էլի ենք ունեցել: Հաշվի առնելով, որ հաղթեցինք Բարձրագույն խմբի թիմի, որը անհատական ֆուտբոլիստների տեսանկյունից շատ որակյալ է, այդ առումով հաղթանակը արժեքավորվել է ավելի շատ, քան մնացած խաղերում: 

Ես ավելի վաղ նշել էի, որ պատերազմ եմ հայտարարում այն մարզիչներին, որոնք ասում են, թե Հայաստանում չկան ֆուտբոլիստներ: Փաստացի, վառ ապացույցն այն է, որ մենք հաղթեցինք երկխաղյա դիմակայությունում: Եթե դիմակայությունը լիներ մեկ խաղով, կարող էին ասել, որ դա պատահականություն էր: Մեր ֆուտբոլիստները հոգեբանորեն, տեխնիկապես, տակտիկապես գրագիտություն դրսևորեցին և հասան հաղթանակի:

Շատ ուրախ եմ, որ մեր թիմը կարողացավ ապացուցել, որ հայ ֆուտբոլիստներով կարելի է գրանցել արդյունքներ: Ես բացարձակ դեմ չեմ լեգեոնականների ներկայությանը հայկական ակումբներում: Ավելին՝ ես կողմ եմ լեգեոնականների ներգրավվածությանը, բայց սահմանափակ քանակով ու որակյալ խաղացողների դեպքում: Բարձրակարգ լեգեոնականների հետ մարզվելով՝ հայ ֆուտբոլիստների աճը կավելանա:

ԲԿՄԱ-ում հանդես են գալիս ֆուտբոլիստներ, որոնք պարտադիր զինվորական ծառայության մեջ են: Պատերազմի օրերին հոգեբանական առումով ի՞նչ վիճակ էր թիմում:

Այնպես, ինչպես ամբողջ ազգինը՝ շատ ծանր: Ինձ՝ որպես մարզիչի, ևս այդ իրավիճակը թույլ չէր տալիս լիովին կենտրոնանալ աշխատանքի վրա: Կարծում եմ՝ բոլոր հայերի համար դա չափազանց ծանր ժամանակահատված էր: Փորձել ենք մեր աշխատանքով աջակցել մեր բանակին, քանի որ մենք բանակային թիմ ենք, և արդարացնել բոլոր հույսերը: Մեր նահատակված զինծառայողների հիշատակը վառ պետք պահենք աշխատանքով, այլ ոչ թե խոսքով:   

Պատերազմը շատերի մոտ փոխեց կյանքի հանդեպ վերաբերմունքը: Ոմանք հասկացան, որ պետք է համախմբվել, շատերը սկսեցին ավելի ճիշտ գնահատել այն ամենն, ինչ ունեն: Իսկ ֆուտբոլիստների վերաբերմունքը գործին փոխվե՞լ է այս ամենից հետո:

Պատերազմական իրավիճակը յուրաքանչյուրի մոտ փոխում է հոգեբանական վիճակը: Երբ վերհիշում ես տարեցների ասածը, նրանք միշտ ասում են՝ թող խաղաղություն լինի: Չենք կարողանում արժևորել դա, երբ ավելի երիտասարդ ենք, և չենք հասկանում, թե ինչ է խաղաղությունը: Մեծերը, փորձառուներն ավելի լավ են հասկանում դա: Կարծում եմ, որ աշխարհի բոլոր ազգերն առաջին հերթին մարդ են: Խաղաղության բուն իմաստը գիտակցելու համար, պետք է հասկանալ, որ դիմացինդ մարդ է՝ անկախ ազգությունից: Յուրաքանչյուր պատերազմ մարդկանց չհասկացվածության ու մանիպուլյացիաների հետևանք է: Կյանքը տրված է ապրելու ու արարելու համար, այլ ոչ թե պատերազմելու:

Վերջերս Ձեր առաջարկով ԲԿՄԱ-ի մարզչական շտաբին միացել էր Էդգար Մանուչարյանը: Ինչպե՞ս է նրա մոտ ստացվում մարզչական աշխատանքը:

Նորմալ, դինամիկ: Ես կցանկանայի նշել նաև Գևորգ Պողոսյանին, Վահագն Մինասյանին, Նիկոլայ Սարգսյանին ու մեր տնօրեն Գագիկ Աղբալյանին: Մենք մի թիմ ենք: Մարզչական բնագավառում շատ համահունչ ենք աշխատում նշածս մարդկանց հետ: Նրանք նոր են սկսում մարզչական աշխատանքը, իսկ ես փորձում եմ իմ փորձն ու գիտելիքները փոխանցել նրանց: Ամբողջ մարզչական խումբն ակտիվ մասնակցություն ունի մարզումային, վերլուծական ու վերականգնողական գործընթացին: Մենք բաժանել ենք աշխատանքը և շատ արդյունավետ շարժվում ենք առաջ: Համոզված եմ, որ նրանք ունեն հնարավորություններ՝ ծառայելու ի նպաստ հայկական ֆուտբոլին: 

Շատ է խոսվում, որ հիմա կա տաղանդավոր հայ ֆուտբոլիստների պակաս, չնայած գիտեմ, որ դուք հակառակն եք պնդում: Իսկ Հայաստանում բարձրակարգ ու որակավորված մարզիչների պակասն ավելի շատ չի՞ զգացվում, քան խաղացողներինը:

Հայաստանում չկա ո՛չ տաղանդավոր ֆուտբոլիստների, ո՛չ էլ մարզիչների պակաս: Բնությունը շատ հետաքրքիր երևույթ է, միշտ բալանսավորված է և հստակ գիտի՝ ինչ է անում: Իսկ այդ բնության մի մասնիկը մենք ենք: Պարզապես որոշ մարզիչներ հանգամանքների բերումով ու արտաքին գործոնների պատճառով չեն լինում այնտեղ, որտեղ պետք է լինեն:

Կարծում եմ, որ Հայաստանում մարզչական խնդիր կա ոչ թե տրամաբանության հետ կապված, այլ կա ճիշտ մարդկանց ճիշտ վայրում լինելու խնդիր: Այն մարդիկ, որոնք խելացի և տրամաբանող են ֆուտբոլում, ունեն գիտելիքների ավելացման խնդիր: Գիտելիքների ավելացման հարցում ես բազմիցս նշել եմ, որ մենք պետք է հետևենք եվրոպական առաջատար երկրների ֆուտբոլային մշակույթին, բայց  ես չեմ ասում, որ պետք է արտատպենք դա: Գերմանիա, Հոլանդիա, Իսպանիա, Ֆրանսիա, Անգլիա, Իտալիա. այդ երկրներն են առաջատարներն աշխարհում, իսկ դա նշանակում է, որ նրանք ճիշտ ուղու վրա են: Մենք պետք է հետևենք նրանց:

Այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են մեզ, առաջին հերթին պետք է ստանանք հենց այդ երկրներից ու կիրառենք նաև Հայաստանում: Հայաստանում կան տաղանդավոր մարզիչներ, պարզապես պետք է գտնել և կրթել նրանց: Դրանից հետո համակարգն առաջ կտանի տաղանդավոր ֆուտբոլիստներին: Կրթված մարզիչները կկրթեն տաղանդավոր ֆուտբոլիստներին և ոչ միայն: Բացի տաղանդավորներից, կան նաև աշխատասեր ֆուտբոլիստներ, որոնք ամբողջ աշխարհում ավելի շատ են տոկոսային հարաբերությամբ: 

Այս մրցաշրջանում Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում ու Առաջին խմբում գործում է լեգեոնականների լիմիտ: Արդեն ասացիք, որ սահմանափակումը պետք է խստացնել, բայց ձեր նշած առաջատար ֆուտբոլային երկրներում, բացառությամբ Անգլիայի, չեն գործում նման սահմանափակումներ: Վերջիվերջո, այդ սահմանափակումները պե՞տք են զարգացման համար, թե՝ ոչ:

Այդ երկրները գերհզոր են ֆուտբոլային առումով և աշխատում են իրենց ֆուտբոլիստների զարգացման ուղղությամբ: Նրանք ունեն այդ ռեսուրսները, քանի որ մեծ աշխատանք են տարել տևական ժամանակ, իսկ մենք չենք աշխատել: Լեգեոնականների սահմանափակման կիրառումից հետո հայկական ակումբները հանդես եկան եվրագավաթներում: Նրանցից երկուսը խաղացին առանց հայ խաղացողների: Չկար հայ խաղացող, որը կխանգարեր նրանց, բայց փաստն այն է, որ նրանք առաջ չեն շարժվել: Այնպես որ, այդ օրինակը բերելիս թող բերեն նաև հակառակ օրինակը:

Եթե մենք հայ ենք ու ցանկանում ենք, որ մեր ֆուտբոլը զարգանա, այլ ոչ թե միայն մեր գրպանը լցվի, մենք պարտավոր ենք մտածել ազգային շահերից ելնելով: Իսկ դրա վառ ապացույցը Խոակին Կապառոսի կողմից բազմաթիվ ֆուտբոլիստների՝ Հայաստանի հավաքական հրավիրելն էր: Մեր ակումբները 29 տարի չեն անցել եվրագավաթների խմբային փուլ: Դա նշանակում է, որ նրանց ընտրած ճանապարհը ճիշտ չի եղել: Հիմա հավաքականը ցույց տվեց, որ այդ ֆուտբոլիստների ներգրավումով ու խաղալով, հնարավոր եղավ գրանցել առաջընթաց: Թե որքան խաղաժամանակ ստացան այդ ֆուտբոլիստները, դա կարևոր չէ:

Կարծում եմ՝ հաջորդ տարի լեգեոնականների սահմանափակումը պետք է խստացվի, և նվազագույնը 3 հայ խաղացող լինի դաշտում, հետագայում՝ 4-5: Ակումբներն առաջին հերթին պետք է պատրաստեն ֆուտբոլիստներ: Կան ակումբներ, որոնք երկար տարիներ չունեն ակադեմիաներ և չեն էլ մտածում այդ ուղղությամբ:

Ստացվում է, որ Հայաստանում լեգեոնականների սահմանափակումը նպաստե՞ց Հայաստանի հավաքականի հաջողությանը:

Դա գործոններից մեկն է: Երբ մարզիչն ունի ընտրության մեծ հնարավորություն, դա նպաստում է հաջողությանը: Դա նպաստող հանգամանքներից մեկն է: Գլխավոր հանգամանքների մասին ես չեմ խոսի, միայն կասեմ, որ շատ ուրախ եմ, որ Հայաստանի հավաքականի մարզիչը Խոակին Կապառոսն է:

2 տարվա աշխատանքից հետո շուտով Հայաստանում իր առաքելությունը կավարտի ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը, որն ազգային ծրագիր է մշակել ակումբների ու հավաքականների համար: Համենայնդեպս, արդունքների տեսքով այդ ծրագրի արդյունավետությունը դեռ նկատելի չէ: Ըստ Ձեզ՝ որքան ժամանակ է հարկավոր այդ ծրագրի առաջին պտուղները տեսնելու համար:

Խինես Մելենդեսն աշխարհահռչակ մասնագետ է մի շարք տեսանկյուններից: Այնպես չէ, որ ֆուտբոլում արդյունքները տեսնում ես մեկ տարի հետո: Այսօր շատ կարևոր է, որ հայ մարզիչները կրթվում են բարձրակարգ մասնագետի մեթոդներով, այդ մեթոդաբանությունը կիրառվում է նաև եվրոպական առաջատար երկրներում:

Հայաստանում մարզիչների ու, ընդհանրապես, հայերի մոտ ընդունված է պատերի տակ խոսելը՝ «արա, էս ում են բերել»: Շատ հեշտ է մեղադրելը, բայց դժվար է սովորելը և ինքնակրթվելը: Իսկ Հայաստան եկել են Խինես Մելենդեսի ու Խոակին Կապառոսի պես մարդիկ, որոնք միջազգային ֆուտբոլում մեծ արդյունքներ են գրանցել, իսկ մենք պատերի տակ քննադատում ենք նրանց:

Մենք ունենք ևս մեկ թերություն, որ, չգիտես ինչի հաշվին, գերագնահատում ենք մեզ: Այսօր յուրաքանչյուր մարզիչ կարող է վերցնել և սովորել Խինես Մելենդեսի մշակած ծրագրից: Ինքս մեկ տարուց ավելի կիրառել եմ դա, ոչ թե արտատպել եմ, այլ սեփական մտքերը ներմուծել եմ, շատ բաներ փոփոխել եմ: Պետք չէ լինել մեծամիտ, այլ պետք է լինել սովորող: Ամոթն այն է, երբ դու չես ցանկանում սովորել: Այն մարդիկ ու մարզիչները, որոնք անուն են դնում այդպիսի հեղինակավոր մասնագետների, պարզապես գրպանահատ են:

Շատ ուրախ եմ, որ Խինես Մելանդեսն այստեղ է: Մեզ մնում է, որ նրա հեռանալուց հետո նրա ծրագրերը կյանքի կոչվեն և շարունակական լինեն: Հայաստանում մարզչական ցենզը բավականին հետ է մնացել, և պետք է արագ տեմպերով լրացնել դա: Այդ մարզչական բլոկի մեջ շատ են այնպիսիք, որոնք ցանկանում են կրթվել: Ովքեր չունեն սովորելու ցանկություն, պատերի տակ խոսում են:

Խինես Մելենդեսի հեռանալուց հետո ո՞վ կարող է փոխարինել նրան: Անհրաժեշտ է այլ մասնագե՞տ հրավիրել արտասահմանից, թե՞ ամեն բան պատրաստ է և պարզապես պետք է չշեղվել ճիշտ ճանապարհից:

Ես տեղեկացված չեմ, թե ինչ է լինելու այդ ծրագրերի հետ, քանի որ ինքս նրանց հետ չեմ մասնակցել այդպիսի գործառույթների: Չեմ կարող ասել, թե ինչպես է շարունակվելու այդ աշխատանքը: Դա կորոշի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Անձամբ ես կարծում եմ, որ պետք է շարունակվի և բոլոր հայ մարզիչները հնարավորություն ունենան ծանոթանալ ու օգտվել այդ ծրագրից:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ ՀՖՖ, ԲԿՄԱ-ի մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով