17:50  ,  19 նոյեմբերի, 2020

Վամո՛ս, միստեր Կապառոս

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հաղթեց պաշտոնական մրցաշարի խմբային փուլում: Գուցե Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում տարած հաղթանակը մեզ չի պարգևի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ուղեգիր, սակայն այն պակաս կարևոր չէր մեզ համար՝ հատկապես այս ծանր իրավիճակում: Վերջապես դարձյալ արթնացավ հավատը, որ մենք նույնպես կարող ենք հասնել հաջողության: Նույնիսկ չեզոք դաշտերում խաղալու ու պատերազմական իրավիճակում ծանր հոգեբանական վիճակում գտնվելու պայմաններում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ապացուցեցին, որ հայկական ֆուտբոլը դեռ ողջ է ու կարող է ուրախության ու հպարտության պահեր պարգևել երկրպագուներին:

Ամենաուրախալի փաստերից մեկն այն էր, որ Հայաստանի հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ, որոնց հետ շատերն այլևս հույսեր չէին կապում, ապացուցեցին, որ կարևոր խաղացողներ են և իրենց շուրջ կարելի է լավ թիմ կառուցել: Հաղթական ավարտին հնարավոր եղավ հասնել թիմային հրաշալի աշխատանքի շնորհիվ: Պատահական չէր, որ Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի բոլոր՝ 8 գոլերը խփեցին տարբեր խաղացողներ:

Այս հաջողությունում, իհարկե, ակնառու է իսպանացի անվանի մասնագետ Խոակին Կապառոսի ավանդը: Իսպանական «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչն ազգային հավաքականում իր առաջին աշխատանքային փորձը սկսեց ոչ ամենալավ պայմաններում: Մարզչական կարիերայում 3 տարվա դադարից հետո վերադարձ սիրելի աշխատանքին, կորոնավիրուսի համավարակ, առանց որևէ ընկերական խաղի պաշտոնական մրցաշարի նախապատրաստություն ու ստացած ոչ այնքան հարուստ ժառանգություն: Սակայն այդ ամենը չընկրկեց Խոակին Կապառոսին, որն անշտապ ու վստահ քայլերով առաջ էր շարժվում:

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականն ուրախացրեց ոչ միայն գրանցած վերջնական արդյունքով, այլև մի շարք այլ գործոններով: Խաղից խաղ հայկական թիմը բարելավում էր իր խաղը: Տակտիկական պայքար, խաղի ընթացքում մարտավարական փոփոխություններ, մրցակցի գրագետ ուսումնասիրություն ու ուժերը բալանսավորված ծախսելու կարողությունը հսկայական դերակատարում ունեցան վերջնական արդյունքում:

Հայկական թիմը վերջապես ապացուցեց, որ Հայաստանի հավաքականը միայն Հենրիխ Մխիթարյանը չէ, և կարող է հաջողության հասնել նաև առանց թիմի առաջատարի: Իհարկե, կասկած չկա, որ այժմ հիանալի մարզավիճակում գտնվող Մխիթարյանի խաղն առաջիկայում ավելի կմեծացնի Հայաստանի հավաքականի ներուժը:

Ազգերի լիգայի այս մրցաշարում Հայաստանի հավաքականում ընդգրկվեցին մի շարք նորեկներ, հավաքական հրավիրված խաղացողների ցուցակները տարբերվում էին իրարից, եղան բացթողումներ, բայց վերջում հնարավոր եղավ շտկել ամեն բան: Եթե վերջին տարիներին խոսում ենք բարձրակարգ հայ ֆուտբոլիստների պակասի մասին, ապա այս մրցաշարը նաև ցույց տվեց, որ բազմաթիվ առանցքային խաղացողների բացակայության պայմաններում էլ հնարավոր է փոխարինողներ գտնել նրանց: Կապառոսը կազմի «խորությանը» հասավ մի շարք փորձարկումների արդյունքում: Իսպանացի մասնագետը Հայաստանի հավաքականում ստեղծեց մրցակցային մթնոլորտ, ինչն անչափ կարևոր է թիմի զարգացման գործում:

Վերջին 2 տուրերում Հայաստանի հավաքականը պետք է հաղթեր խմբի առաջատարներին, որպեսզի գրավեր առաջին տեղն ու նվաճեր B դիվիզիոնի ուղեգիր: Իհարկե, քչերն էին հավատում դրան: Սակայն 2 խաղերում էլ նախանձելի կազմակերպվածությունն ու հսկայական մոտիվացիան այլ տարբերակ չէին թողնում, քան լուծել այդ բարդ խնդիրն ու գործը հասցնել հաղթական ավարտի:

Իհարկե, Հայաստանի հավաքականը դեռ չի խաղացել հզոր մրցակիցների դեմ, և Խոակին Կապառոսին ապագայում սպասվում են շատ ավելի բարդ փորձություններ: Սակայն այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ նա այն մարզիչն է, որին պետք է վստահել ու լուռ սպասել հաջողությունների:

Գուցե այս հաղթանակը պատմական չէր արդյունքի առումով, սակայն մի բան պարզ է, որ այն պետք է դառնա սկիզբը մեծ հաղթանակների:

Առջևում աշխարհի առաջնության ընտրական փուլն է, և այդ կարևորագույն փորձությունից առաջ հավաքականի նոր մարզիչը կարողացավ ամբողջական պատկերացում կազմել այս թիմի հեռանկարների վերաբերյալ: Կարևոր փորձ՝ կարևոր փորձությունից առաջ:

Վամո՛ս, միստեր: Սպասում ենք նոր հաջողությունների՝ ավելի մեծ հավատով մոտենալով Հայաստանի հավաքականը գլխավորելուց հետո ձեր այն հայտարարությանը, որ գլխավոր նպատակը 2022թ. աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելն է: 

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով