00:36  ,  19 նոյեմբերի, 2020

Հակոբ Հակոբյանը՝ Հայաստանի հավաքականում նորամուտի մասին

Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշելուց հետո կիսվել է տպավորություններով: Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղում նա դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և հանդես եկավ 70 րոպե:

«Չէի պատկերացնի, որ հավաքականում նորամուտս նման տպավորիչ հաղթանակով կնշանավորվի։ Էմոցիաներն այնքան շատ են, որ դժվարանում եմ խոսել խաղի մասին։ Շնորհավորում եմ ամբողջ հայ ժողովրդին, այս դժվար պահին սա շատ կարևոր հաղթանակ էր»,- Հակոբյանի խոսքը մեջբերում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը հաղթանակ էր տարել 1:0 հաշվով: 55-րդ րոպեին հաղթական գոլը խփել էր Հովհաննես Համբարձումյանը:

Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի երկրորդ խմբում 11 միավորով գրավեց առաջին տեղը: Հյուսիսային Մակեդոնիան 9 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: Վրաստանը ունի 7 միավոր և երրորդ տեղում է, իսկ Էստոնիան 3 միավորով վերջին՝ չորրորդ տեղում է:

Մակեդոնացիների նկատմամբ հաղթանակը Հայաստանի հավաքականին հնարավորություն տվեց Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում բարձրանալ B դիվիզիոն, որտեղ մրցակիցները կլինեն անհամեմատ ավելի ուժեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում