09:05  ,  5 նոյեմբերի, 2020

Արշակ Կորյանը պատմել է, թե ինչու է ուշացումով ընդունել Հայաստանի հավաքականի հրավերը

Ռուսական «Խիմկիի» հարձակվող Արշակ Կորյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականում խաղալու որոշման ու վնասվածքից ապաքինվելու մասին: 25-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց էր թողել Վրաստանի (2:2) ու Էստոնիայի (1:1) հավաքականների դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի նախորդ 2 խաղերը:

«Վնասվածքից հետո հրաշալի եմ զգում ինձ, պատրաստվում եմ «Լոկոմոտիվի» դեմ խաղին: Վնասվածքը չի անհանգստացնում:

Միշտ ցանկացել եմ խաղալ Հայաստանի համար, պարզապես չէի կարողանում լեգեոնականների սահմանափակման պատճառով: Եթե ավելի շուտ գնայի և խաղայի, ավտոմատ կերպով կդառայի լեգեոնական: Ես չունեի ծանրակշիռ պատճառներ գնալ ակումբ և ասել, որպեսզի ինձ հայկական անձնագրով վերցնեին լեգեոնականի համար նախատեսված տեղը: Ես դեռ չէի հասել նրան, որ որևէ մեկին ինչ-որ բան ապացուցած լինեի և հասած լինեի բարձր մակարդակի: Դա, երևի, միակ խոչընդոտն էր: Չեմ ասի, որ ես սպասում էի հենց լեգեոնականների սահմանափակման փոփոխությանը, սակայն, երբ ընդունեցի որոշում, չունեի կասկածներ Հայաստանի հավաքականի հրավերն ընդունելու վերաբերյալ: Ներքուստ ավելի շուտ էի ցանկանում դա, սակայն չէի կարողանում բարձրաձայնել, քանի որ խաղացել էի Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում: Դա պարզապես ճիշտ չէր լինի: Չէի ցանկանում խաբել որևէ մեկին:

Ռուսաստանի հավաքականում ինձ տեսնելն ինձանից չէր կախված: Երբ ստացա առաջարկ Հայաստանի հավաքականից, նույնիսկ չէի կասկածում այնտեղ մեկնել-չմեկնելու վերաբերյալ: Ես հրավերի չէի սպասում Ռուսաստանի հավաքականից:

Շատ արագ լեզու գտա հավաքականի խաղացողների հետ: Տղաները շատ դրական են, միշտ օգնում են, հուշում: Կարծում եմ՝ նրանք շատ լավ ընդունեցին ինձ: Հարմարվելը հեշտ էր: Ես հասկանում եմ հայերեն, սակայն՝ ոչ գրական լեզվով: Հիմա փորձում եմ սովորել այն: Կարող եմ զրույցի բռնվել մի քանի լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Չեմ ասի, որ շատ էի անհանգստանում հավաքականների մակարդակով նորամուտիցս առաջ: Արդեն հասկանում եմ, որ որքան շատ անհանգստանաս, այնքան ավելի վատ տեսք կունենաս դաշտում: Փորձում էի չմտածել այդ մասին և ոգեշնչել ինձ, որ դա սովորական հանդիպում է և պետք է խաղամ այնպես, ինչպես միշտ եմ անում՝ ներդնել 150 տոկոս ուժերս: Միշտ փնտրում եմ ինձ, թե ինչ կարող եմ ավելացնել, չեմ կարող ինձանից գոհ լինել 100 տոկոսով: Եղել են և՛ սխալներ, և՛ թերություններ, որոնք պետք է շտկել ու ավելացնել:

Կյանքում ես մաքսիմալիստ եմ: Աշխարհի առաջնությունն այլ փուլ է, իսկ հիմա պետք է Ազգերի լիգայում հաղթենք մնացած բոլոր խաղերում և շարժվենք առաջ: Բոլորն ունեն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու ցանկություն, սակայն մեր նպատակը դեռ Ազգերի լիգան է»,- Կորյանի խոսքը փոխանցում է «Խիմկիի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Արշակ Կորյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է Հյուսիսային Մակեդոնիայի (1:2) ու Էստոնիայի (2:0) հավաքականների դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի մեկնարկային 2 տուրերի խաղերին:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ հարձակվողը մասնակցել է 8 խաղի և դարձել 3 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նա «Խիմկիի» լավագույն ռմբարկուն է այս մրցաշրջանում: Ավելի վաղ Կորյանի՝ «Կրասնոդարի» խաղում խփած գեղեցիկ գոլը ճանաչվել էր Ռուսաստանի առաջնության սեպտեմբերի լավագույն գոլ:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում