18:30  +04,  28 հոկտեմբերի, 2020

«Արարատի» փառահեղ հաղթանակից անցել է 47 տարի. Արկադի Անդրեասյանի հուշերը (ֆոտո)

47 տարի առաջ այս օրը՝ 1973 թվականի հոկտեմբերի 28-ին, գրանցվել է հայկական ֆուտբոլի պատմության փառահեղ հաղթանակներից մեկը: Երևանի «Արարատը» ԽՍՀՄ գավաթակրի կոչմանը գումարել է նաև չեմպիոնական տիտղոսը՝ ձևակերպելով ոսկե դուբլ:

ԽՍՀՄ-ի առաջնության վերջին՝ 30-րդ տուրում հայկական ակումբը Երևանի «Հրազդան» ստադիոնում ընդունել է ռուսական «Զենիթին» և 3:2 հաշվով հաղթել է 70 հազար հանդիսականներով լեփ-լեցուն տրիբունաների ներքո: 30 տուրերի արդյունքում «Արարատը» վաստակել է 39 միավոր և 3 միավոր գերազանցել երկրորդ տեղը գրաված Կիևի «Դինամոյին», որին նույն տարում հաղթել էր նաև ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակիչում:

Այդ մրցաշրջանում «Արարատի» կարևորագույն խաղացողներից էր լեգենդար կիսապաշտպան Արկադի Անդրեասյանը, որը 13 գոլով դարձավ թիմի լավագույն ռմբարկուն:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արկադի Անդրեասյանը պատմել է այդ հանդիպումից ու լեգենդար մրցաշրջանից հիշողությունների մասին:

«Շատ ժամանակ է անցել, բայց այդ խաղից ու մրցաշրջանից հիշողություններ, իհարկե, պահպանվել են: Ամեն դեպքում, այդ օրը չցուցադրեցինք մեր լավագույն խաղը: Սկզբում հաղթում էինք 2:0 հաշվով, հետո 2 գոլ բաց թողեցինք, բայց կարողացանք հասնել հաղթանակի: ԽՍՀՄ գավաթակիր դառնալուց հետո մեծ էր ցանկությունը նաև երկրորդ տիտղոսը նվաճել մրցաշրջանում, ինչն առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանի պատմության մեջ: Մեր թիմը հրաշալի մարզավիճակում էր: Հիշում եմ, որ եթե ես 3 գոլ խփեի այդ խաղում, կդառնայի առաջնության լավագույն ռմբարկու: Ինձ չհաջողվեց գոլի հեղինակ դառնալ, բայց կարևորը հաղթանակն էր: Ամեն դեպքում, այդ մրցաշրջանում մեր ամենակարևոր խաղը գավաթի եզրափակիչն էր Կիևի «Դինամոյի» հետ»,- զրույցում նշեց Արկադի Անդրեասյանը:

Հարցին, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի հայկական ակումբները դարձյալ հաջող հանդես գան միջազգային մրցաշարերում, լեգենդար ֆուտբոլիստը նշեց, որ առաջին հերթին անհրաժեշտ է փոխել վերաբերմունքը գործին:

««Արարատի» հաջողությունները պատահական չէին: Մենք այն ժամանակ անցկացնում էինք օրական 2 մարզում, երբեմն՝ նույնիսկ 3: Իսկ այսօր նման բան չկա: Բոլորը մարզվում են օրական մեկ անգամ: Այդ ժամանակ Լոբանովսկու Կիևի «Դինամոն» ամենաուժեղ թիմերից էր ֆիզիկական պատրաստվածության առումով, սակայն մենք նրանց չէինք զիջում նույնիսկ ֆիզիկապես: Բացի այդ, ոչ ֆուտբոլային մարդիկ պետք է չլինեն ֆուտբոլում: Համենայնդեպս, մեր ժամանակ ֆուտբոլում միայն ֆուտբոլային մարդիկ էին: Մարդիկ պետք է չվախենան քննադատությունից և բաց խոսեն բոլոր խնդիրներից»,- ասաց Արկադի Անդրեասյանը:

ԽՍՀՄ առաջնություն, 30-րդ տուր

«Արարատ» (Երևան) - «Զենիթ» (Լենինգրադ)` 3:2 («Հրազդան» ստադիոն, 70000 հանդիսական)

Հովհաննես Զանազանյան, 27, Էդուարդ Մարկարով, 47, 59 – Նիկոլաև, 48, Զինչենկո, 52

«Արարատ» - Ա. Աբրահամյան, Գևորգյան (Բոնդարենկո 70), Սարգսյան, Կովալենկո, Մեսրոպյան, Անդերասյան, Պետրոսյան (Մարտիրոսյան 80), Զանազանյան, Իշտոյան, Մարկարով, Ն. Ղազարյան:

Հիշեցնենք, որ այդ խաղից 18 օր առաջ՝ 1973-ի հոկտեմբերի 10-ին, «Արարատը» ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակիչում 2:1 հաշվով հաղթել էր Կիևի «Դինամոյին» և արժանացել պատվավոր տիտղոսին: Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 61-րդ րոպեին ուկրաինական ակումբի կազմում բացել է Վիկտոր Կոլոտովը, որն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը: Հայկական ակումբի պատասխան գոլը 89-րդ րոպեին խփել է Լևոն Իշտոյանը, որն ավելացված ժամանակում դարձել է նաև դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով «Արարատին»:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով