12:15  ,  21 հոկտեմբերի, 2020

Պիրլո. Շատ եմ հարգում Միրչա Լուչեսկուին

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն Չեմպիոնների լիգայի առաջին տուրում Կիեւի «Դինամոյի» նկատմամբ 2:0 հաշվով արտագնա հաղթանակից հետո անդրադարձել է ուկրաինական ակումբը գլխավորող Միրչա Լուչեսկուին:

«Ընդհանուր առմամբ, գոհ եմ խաղից ու թիմի նվիրվածությունից: «Կրոտոնեի» դեմ խաղից հետո մեր ֆուտբոլիստներն ընդամենը մեկ օր ունեին այս հանդիպմանը պատրաստվելու համար, բայց ամեն բան լավ ստացվեց: Չեմ կարող ասել, որ գոհ եմ 90 րոպեներից: Կար տեխնիկական խոտան, ֆուտբոլիստները սխալվում էին փոխանցումներ կատարելիս:

Լուչեսկուն մարդ է, որը առանցքային դերակատարում է ունեցել իմ ֆուտբոլային կենսագրության մեջ: Առաջին հերթին, նա ինձ սովորեցրել է լինել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Շատ բանով եմ պարտական նրան: Կարելի է ասել, որ այսօր նրա ներկայությամբ տեղի ունեցավ իմ մարտական մկրտությունը: Շատ ուրախ եմ, քանի որ շատ եմ հարգում Լուչեսկուին»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Դինամոյի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի ընթացքում Պիրլոն 1998-1999-ը Միրչա Լուչեսկուի գլխավորությամբ խաղացել է «Ինտերում»:

«Յուվենտուսի» դեմ խաղի արդյունքում Լուչեսկուն դարձավ Չեմպիոնների լիգային մասնակցած ամենատարեց մարզիչը։ Ռումինացի մասնագետը ռեկորդը գրանցեց 75 տարեկան 84 օրականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում