12:32  ,  14 հոկտեմբերի, 2020

Հայ ֆանատները չեն կարողանա ներկա գտնվել Էստոնիա - Հայաստան հանդիպմանը

Ֆուտբոլի Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 14-ին C դիվիզիոնում արտագնա հանդիպում կանցկացնի էստոնացիների հետ:

ՈՒԵՖԱ-ի` COVID-19-ի համաճարակի Return to play protocol-ի համաձայն, չնայած ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի հանդիպումներին մինչև 30 տոկոս երկրպագուների՝ մարզադաշտ մուտք գործելու թույլտվությանը, արգելվում է հյուր թիմի երկրպագուների մուտքը մարզադաշտ, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հետևաբար, Էստոնիայում բնակվող հայ ֆանատները չեն կարող մուտք գործել մարզադաշտ և տեղ զբաղեցնել հյուրերի համար նախատեսված սեկտորում: Արգելվում է նաև հյուր թիմի երկրի խորհրդանիշների օգտագործումը կամ ցանկացած տեսակի վանկարկումներ:

Էստոնիա – Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Տալինի «Ա լը Կոք» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով էր ավարտել վրացիների դեմ հանդիպումը: ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ հանդիպումը Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն անցկացվեց չեզոք դաշտում՝ Լեհաստանի Տիխի քաղաքում:

Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի հետո Հյուսիսային Մակեդոնիան ու Վրաստանն ունեն 5-ական միավոր, Հայաստանը՝ 4, իսկ էստոնացիները՝ 1:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում