15:17  ,  26 սեպտեմբերի, 2020

«Արարատ-Արմենիան» «Ցրվենա Զվեզդային» կընդունի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում

Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպումը կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ մեկխաղյա դիմակայությունը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին և կսկսվի ժամը 18:00-ին: Հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում հայկական ակումբը լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային», իսկ նախորդ փուլում դարձյալ լրացուցիչ ժամանակում ուժեղ էր գտնվել Սլովենիայի չեմպիոն «Ցելյեից»՝ 1:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում