17:38  ,  25 սեպտեմբերի, 2020

Կորոնավիրուսը դրական է ազդել հայկական թենիսի վրա, հոսքը դեպի մարզաձեւ ավելացել է (ֆոտո)

Թենիսը թերեւս միակ մարզաձեւն էր, որի վրա կորոնավիրուսով պայմանավորված կարանտինը դրական ազդեցություն ունեցավ: Թենիսիստները կարողանում էին մարզվել՝ պահպանելով լավ մարզավիճակ եւ սոցիալական հեռավորություն կորտերում: Հենց սրանով պայմանավորված թենիսի Հայաստանի առաջնության արդյունքները բարձր են, մրցակցությունը՝ մեծ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց թենիսի Հայաստանի առաջնության գլխավոր մրցավար Արսեն Մովսիսյանը:

Սեպտեմբերի 25-ին Երեւանի «In court» թենիսի ակումբում տեղի ունեցավ թենիսի Հայաստանի առաջնության մեծահասակների տղամարդկանց զուգախաղի եզրափակիչները: Հայաստանի չեմպիոն դարձավ Միքայել Ավետիսյան - Հենրիխ Նիկողոսյան զույգը, որը եզրափակիչում 7:5, 6:3 հաշվով հաղթեց Արթուր Սողոյան - Միրո Սարգիսյան զույգին: Երրորդ տեղը զբաղեցրեց Աշոտ Գեւորգյան - Արտաշես Գեւորգյան զույգը։

Հայաստանի առաջնության գլխավոր մրցավարին գոհացնում է Հայաստանի առաջնության արդյունքները: Ըստ նրա, մենախաղում եւ զուգախաղում թեժ պայքար է եղել:

«Զուգախաղի եզրափակիչները հետաքրքիր ստացվեցին: Հատկապես լարված էր առաջին տեղի համար պայքարը: Շատ լավ խաղ էր: Առաջին սեթում առաջ էին Սողոյան - Սարգսյան զույգը՝ 5:2 հաշվով: Թեժ պայքարում Ավետիսյան - Նիկողոսյան զույգն առաջ անցավ, հաղթեցին 7:5 հաշվով: Երկրորդ սեթում, արդեն, փոքր-ինչ ավելի հեշտ հաղթանակ տարավ Ավետիսյան-Նիկողոսյան զույգը: Բարձր մակարդակի հոյակապ խաղ էր: Ի դեպ, Ավետիսյան-Նիկողոսյան զույգը տարիքով ավելի մեծ տղաներ են, իսկ զուգախաղում հաղթելուն օգնում է հենց տարիքը, փորձը:

Զուգախաղը շատ է տարբերվում մենախաղից: Ավելի տարիքով խաղացողները կարող են լավ խաղան, քան երիտասարդները: Դա պայմանավորված է մտքով եւ փորձով: Օրինակ՝ Արթուր Սողոյանը դարձավ մենախաղի Հայաստանի չեմպիոն, բայց զուգախաղում պարտվեց, որովհետեւ մրցակիցներն ավելի փորձառու էին, շատ էին իրար հետ խաղացել:

Մենախաղում էլ թեժ պայքար կար: Օրինակ՝ մենախաղի եզրափակիչում Արթուր Սողոյանը հանդիպեց Աշոտ Գեւորգյանին եւ մի փոքր հեշտ հաղթանակի հասավ, քանի որ մրցակիցը հոգնել էր: Այստեղ էլ տարիքը խոսեց Գեւորգյանի դեմ, չկարողացավ մինչեւ վերջ պայքարել: Ընդհանուր առմամբ շատ գոհ ենք թենիսիստների այս տարվա մասնակցությունից: Տարիքային խմբերում մասնակցության քանակն էլ ուրախացնող էր»,- ասաց Արսեն Մովսիսյանը:

Մասնագետը մանրամասնում է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինի ընթացքում, մյուս մարզադպրոցների փակ լինելու պատճառով, հոսքը դեպի թենիս մեծացել է:

«Կորոնավիրուսն ունեցավ դրական ազդեցություն մեր մարզաձեւի, թենիսիստների վրա: Մյուս բոլոր մարզաձեւերում մարզադպրոցները փակ էին, իսկ մեզ մոտ ավելի ապահով էր, մարզումները շարունակվում էին, հնարավորություն կար մարզվելու՝ պահպանելով սոցիալական հեռավորություն կորտերում: Այստեղ դաշտը շատ մեծ է, առավելագույնը 4 հոգի կարող էին գտնվել դաշտում: Այս ամենով պայմանավորված, հոսքը դեպի թենիս ավելացավ, Հայաստանի առաջնության մասնակիցների թիվը նույնպես աճեց տարբեր տարիքային խմբերում: Կար մեծ մրցակցություն եւ հետաքրքիր պայքար առաջինը լինելու համար»,- նշեց գլխավոր մրցավարը:

Սեպտեմբերի 28-ին տեղի կունենա կանանց զուգախաղի եզրափակիչները, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանել  առաջին ռակետ, ազգային հավաքականի առաջատար թենիսիստ Անի Ամիրաղյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով