16:14  ,  15 սեպտեմբերի, 2020

Լեւոն Աղասյան․ Լավագույն մարզավիճակում կմոտենամ կարանտինից հետո առաջին միջազգային մրցաշարին

Գերնպատակս մնում է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը, ապա նաեւ լավագույն արդյունքն անելը, բայց այդ ամենն արդեն հաջորդ տարի՝ ավելի ուժեղ, ավելի շատ։ Իսկ մինչ այդ լավագույն մարզավիճակում եւ առանց վնասվածքների կմոտենամ կարանտինից հետո առաջին միջազգային մրցաշարին Ռումինիայում։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը:

Աթլետիկայի Հայաստանի հավաքանի թիմը սեպտեմբերի 19-20-ը Ռումինիայում կմասնակցի Բալկանյան երկրների մեծահասակների առաջնությանը:

Հայաստանը Բալկանյան երկրների մրցաշարին կմասնակցի 12 աթլետով։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հայտարարված երկարատեւ կարանտինից հետո Բալկանյան երկրների առաջնությունը առաջին միջազգային մրցաշարը կլինի հայ աթլետների համար։ Այս օրերին Հայաստանի առաջատար եռացատկորդ, կապանցի Լեւոն Աղասյանը Երեւանում վերջին մարզումներն է անցնում Ռումինիա մեկնելուց առաջ։

NEWS.am Sport-ը հետեւեց «Հայաստան» մարզական միության մարզադահլիճում ընթացող մարզումներից մեկին։

Լեւոն, երկար դադարից հետո առաջին միջազգային մրցաշարին ես պատրաստվում։ Ինչպե՞ս են անցնում մարզումներդ։

Կարանտինի պատճառով մարզումային եւ մրցումային երկար դադար ունեցանք։  Դժվար էր անցնել այդ դադարը, դժվար էր մարզումներ անցկացնել, որովհետեւ մրցումներ չկային, մոտիվացիա չկար: Փորձել ենք՝ որքան հնարավոր է մարզվել, պահել մարզավիճակ: Ամեն դեպքում, ինձ հաջողվեց լավ մարզավիճակ պահել, ինքնակազմակերպել մարզումներս Կապանում եւ Երեւանում:

Տեւական դադարից հետո օգոստոսի 30-ին Վանաձորում մասնակցեցի «Ցատկորդի օր» մրցաշարին եւ բավական լավ արդյունք գրանցեցի:

Կարանտինից հետո Ռումինիայում անցկացվելիք Բալկանյան երկրների առաջնությունն առաջին միջազգային մրցումն է լինելու: Հույս ունեմ, որ լավ հանդես կգամ։ Իհարկե, ամեն ինչ որոշվում է մրցման ժամանակ, բայց այս պահին լավ մարզավիճակում եմ եւ պատրաստ եմ պայքարի մեջ մտնել:

Ինչպե՞ս ես կազմակերպել մարզումներդ շուրջ 5 ամիս տեւած կարանտինի ընթացքում։

Կարանտինի ժամանակ չեմ դադարել մարզվել, ոչ մի օր կանգ չեմ առել, միայն թե փոխվել էր մարզումներիս բնույթը։ Կարանտինն անցել եմ իմ ծննդավայրում՝ Կապանում: Բազային աշխատանքների վրա էի շեշտը դրել, որպեսզի մրցում նշանակվելուց արդեն ֆիզիկապես լավ վիճակում լինեի։

Ինչո՞վ քեզ օգնեց եւ ինչո՞վ վնասեց արտակարգ դրությամբ պայմանավորված դադարը։

Կարանտինն ինձ օգնել է վերականգնել եւ բուժել բոլոր վնասվածքներս։ Այժմ լիովին ապաքինված եմ եւ Բալկանյան երկրների առաջնությանը մոտենում եմ առանց վնասվածքների: Այս մրցմանն ավելի վստահ եմ գնում, քանի որ վնասվածքներ չունեմ եւ լավագույն արդյունքի ակնկալիքն ունեմ:

Կարանտինի վատ կողմն  այն է, որ երկար պայքարի մեջ չմտնելուց հետո առաջին մրցմանը, սովորաբար, կորցնում ես ինքնակառավարումդ։ Այսինքն՝ պետք է ճիշտ կառավարես ինքդ քեզ, որպեսզի «չվառվես»: Երկար մրցման չմասնակցելը ոչ թե փորձի պակասի է բերում, այլ մեծ ցանկություն է առաջացնում հենց առաջին մրցմանը, առաջին մեկնարկիդ ապացուցել, որ դու լավագույնն ես: Ու երբ այդ դադարից հետո դուրս ես գալիս մրցահարթակ, այդ ցանկությունը գերակշռում է քեզ մոտ, նույնիսկ խանգարում: Դա պետք է կառավել, որպեսզի այն քեզ չխանգարի անել այն, ինչ կարող ես: Այդ հախուռն ցանկությունից կարող ես «վառվել» եւ ձախողել։

Յուրաքանչյուր մրցման դու յուրահատուկ ես նախապատրաստվում՝ գերխնդիր դնելով լինել ավելի ուժեղ, քան նախորդ անգամ: Դադարից հետո Բալկանյան երկրների առաջնությանը նորից նույն գերխնդրով ես մոտենո՞ւմ, թե՞ սա քեզ համար նախորդ լավագույն արդյունքիդ վերադառնալն է լինելու:

Ամեն նոր մրցաշրջանի սկզբում իմ գերխնդիրը լինում է արդյունքներիս բարելավումը, բացառությամբ առաջին մրցման: Գերխնդիրն այն է, որ ես անեմ իմ լավագույն արդյունքը: Ես այդպես եմ պատրաստվում: Ես չեմ մածում մրցանակային տեղ զբաղեցնելու, ինչ-որ մեկին հաղթելու մասին: Խնդիրս լավագույն արդյունքն անելն է եւ նախորդ լավագույնս գերազանցելը, ավելացնելը: Այսինքն՝ գնում եմ պայքարելու ինքս ինձ հետ, այլ ոչ թե ինչ-որ մեկի: Այս մրցաշարին նույն նպատակով եմ մեկնում, այսինքն՝ կարանտինը ոչինչ չի փոխել իմ ծրագրերում:

Ի՞նչ մարզումային փուլ ես անցել, երբ տեղեկացար Բալկանյան երկրների առաջնության անցկացման մասին:

Մեկ ամիս առաջ տեղեկացանք, որ մրցաշարն անցկացվելու է, չի հետաձգվում: Մրցման նախապատրաստական փուլում հավաք չի եղել, գիտեինք, որ հավաք չի լինելու: Մեր հնարավորություններով ենք կազմակերպել մարզումները անհատական՝ տնային պայմաններում, հետո նաեւ հավաքի տեսքով թիմի անդամներով մարզումներ կազմակերպեցինք Երեւանի «Հայաստան» մարզական միության աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում:

Ի՞նչ մրցաշարերի կմասնակցես մինչեւ տարեվերջ, թե՞ սա թերեւս վերջինն է լինելու այս տարի:

Իմ տեղեկություններով այս տարի մրցումներ այլեւս չեն անցկացվելու: Պաշտոնական մրցաշարեր չունենք, բոլորը տեղափոխված են 2021 թվական: Միջազգային մի քանի այլ մրցաշարեր կանցկացվեն այս ամիս՝ սեպտեմբերին, բայց ես չեմ մասնակցում, քանի որ հայտ չներկայացրեցինք երկրի սահմանները փակ լինելու պատճառով: Ի դեպ, մեծ դժվարությամբ ենք հասնելու Ռումինիա, ավելի մեծ դժվարությամբ եւ ավելի քան 30 ժամ տեւողությամբ թռիչքով ու 7-8 ժամ օդանավակայաններում սպասելով՝ վերադառնալու ենք Հայաստան:

Առաջին գերնպատակս կա եւ մնում է օլիմպիական վարկանիշ ձեռք բերելս: Ամեն ինչ պետք է անեմ՝ որքան հնարավոր է շուտ ուղեգիրը նվաճեմ, բայց այդ ամենն արդեն հաջորդ տարի՝ ավելի ուժեղ, ավելի շատ։

Սեպտեմբերի 12-13-ը Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների մինչեւ 20 տարեկանների բաց առաջնությունում  Հայաստանի թիմը նվաճել է երկու մեդալ։ Եռացատկում  15 մետր 55 սմ արդյունքով արծաթե մեդալակիր է դարձել Ռազմիկ Ղազարյանը, հեռացատկում՝  7 մետր 53 սմ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել Գոռ Բեգլարյանը։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով