12:05  ,  5 սեպտեմբերի, 2020

Մակեդոնիա - Հայաստան. «Առեղծվածային» բացակայությունն ու նոր մարզիչի առաջին փորձությունը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 5-ին կսկսի պայքարը Ազգերի լիգայի C դիվիզիոնում: Առաջին տուրի մեկնարկային խաղում Խոակին Կապարոսի գլխավորած թիմը երկրորդ խմբում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:

Պատմություն

Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները նախկինում հանդիպել են 8 անգամ: Այդ խաղերում հայկական թիմը տարել է 3 հաղթանակ, կրել 3 պարտություն, ևս 2 հանդիպում ավարտվել է ոչ ոքի: Առաջին դիմակայությունը տեղի է ունեցել Եվրո-1996-ի ընտրական փուլում: Երևանյան խաղում գրանցվել է 2:2 հաշիվը, իսկ պատասխան մրցավեճում Հայաստանի հավաքականն արտագնա հաղթանակ է տարել 2:1 հաշվով: Այնուհետև թիմերը հանդիպել են ԱԱ-2006-ի և Եվրո-2012-ին ընտրական փուլերում, իսկ նախորդ դիմակայությունը տեղի է ունեցել 2018 թվականին անցկացված Ազգերի լիգայի առաջին մրցաշարում: Սկոպյեում Հայաստանի հավաքականը պարտվեց 0:2 հաշվով, իսկ երևանյան խաղում հասավ վստահ ռևանշի՝ 4:0: Սակայն այդ պարտությունը մակեդոնացիներին չխանգարեց խմբում գրավել առաջին տեղը և շարունակել պայքարը Եվրոպայի առաջնության ուղեգրի համար:

Նորամուտի խաղը

Սա իսպանացի մասնագետ Խոակին Կապարոսի նորամուտի խաղն է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Սակայն «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչի նորամուտից բացի, սպասվում է նաև այլ նորեկների միջամտություն գործին: Այս հավաքին Հայաստանի հավաքական են հրավիրվել միանգամից 7 նորեկներ, որոնց թվում են այնպիսի սպասված համալրումներ, ինչպիսիք են Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահ Դավիդ Յուրչենկո, ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, Սլովակիայի «Ժիիլինայում» փայլող 21-ամյա Վահան Բիչախչյանը և այլ խաղացողներ: Իսպանացի անվանի մասնագետը վերջապես դարձավ այն մարզիչը, որը Հայաստանի հավաքականում սկսում է այդքան սպասված սերնդափոխության գործընթացը: Կապարոսը քաջ գիտակցում է, որ հավաքականին նոր արյուն է պետք: Ներարկումն արված է, երկրպագուները սպասում են արդյունքի:

Կորուստներ

Հայաստանի հավաքականը խաղին մոտենում է մեծ կորուստներով: Արձակուրդից հետո նոր ուժերով «Ռոմայի» մարզումներին միացած Հենրիխ Մխիթարյանից բացի, խաղին չեն մասնակցի Հայաստանի հավաքականի ևս 2 առանցքային խաղացողներ՝ գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանն ու Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը: Եթե Ադամյանին ու Ղազարյանին փոխարինող գտնելը լուծելի խնդիր է Խոակին Կապարոսի համար, ապա Հենրիխ Մխիթարյանի «առեղծվածային» բացակայությունը կարող է ամբողջությամբ խառնել աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու նպատակ ունեցող նորանշանակ մարզիչի խաղաքարտերը: Մխիթարյանի բացակայությունը զգալ կտա ոչ միայն խաղային առումով: Բազմաթիվ նորեկներ, նոր միջավայր ու այդ պայմաններում թիմի աստղային ավագի ու առաջատարի ներկայությունն ավելի քան անհրաժեշտ էր գոնե մեկնարկում: Առաջիկա խաղերում հայ ֆուտբոլիստները պարզապես պարտավոր են ապացուցել, որ Հայաստանի հավաքականը միայն Մխիթարյանը չէ:

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի ամենանշանակալի կորուստը թիմի առանցքային դարպասապահ Ստոլե Դիմիտրևսկու բացակայությունն է: Իսպանական «Ռայո Վալյեկանոյի» դարպասապահի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել և նա չի միացել թիմի հավաքին:

Նախորդ խաղերը

2 թիմերն էլ նախորդ խաղերն անցկացրել են նոյեմբերին: Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլն ավարտեց Իսրայելի նկատմամբ տնային հաղթանակով (1:0), իսկ դրանից օրեր առաջ հյուրընկալվելիս պարտվել էր Ավստրիային: Հայաստանի հավաքականը նախորդ 2 խաղերում պարտվել է: Հունաստանից կրած տնային պարտությանը (0:1) հաջորդեց հայկական ֆուտբոլի սև էջը իտալացիների դեմ խաղում: Որքանով է թարմացված հավաքականը մոռացել այդ խայտառակ հանդիպումը, ցույց կտան առաջիկա խաղերը:

Ազգերի լիգայի երկրորդ մրցաշարի մասին

Ազգերի լիգայի երկրորդ մրցաշարում Հայաստանի հավաքականը բարձրացել է C դիվիզիոն, քանի որ ՈւԵՖԱ-ն ավելացրել էր այդ դիվիզիոնի մասնակիցների քանակը: Եթե Ազգերի լիգայի առաջին մրցաշարում վիճարկվում էին Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի 4 ուղեգրեր, ապա այս անգամ խնդիրն ավելի բարդ է: Քաթարում կայանալիք 2022թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի ձևաչափը չի փոխվել: Ընտրական 10 խմբերի հաղթողները կնվաճեն եզրափակիչ փուլի ուղեգիր: Եվս 3 ուղեգրեր կվիճարկվեն անցումային խաղերով: Դրանց կմասնակցեն խմբերում երկրորդ տեղ գրաված թիմերը, ինչպես նաև Ազգերի լիգայի խմբերում հաղթած 2 լավագույն հավաքականները: Խոսքն այն թիմերի մասին է, որոնք ընտրական փուլի արդյունքում դեռ չեն նվաճել ուղեգիր կամ անցումային խաղերի մասնակցելու իրավունք:

Բուքմեյքերների ֆավորիտը

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ համարում են Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին, որի հաղթանակը գնահատվում է 1.60 գործակիցով: Խոակին Կապարոսի գլխավորած թիմի հաղթանակը ստացել է 5.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.70:

Ազգերի լիգա, առաջին տուր

C դիվիզիոն, երկրորդ խումբ

Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան՝ 17:00

Գլխավոր մրցավար՝ Իրֆան Պելյտո (Բոսնիա և Հերցեգովինա)

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը. Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Վբեյմար Անգուլո, Խորեն Բայրամյան, Էդգար Բաբայան, Տիգրան Բարսեղյան, Ալեքսանդր Կարապետյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում