22:35  ,  1 օգոստոսի, 2020

«Արսենալը» հաղթեց «Չելսիին» եւ նվաճեց Անգլիայի գավաթը (ֆոտո, վիդեո)

Լոնդոնի «Արսենալը» 14-րդ անգամ (բոլորից շատ) նվաճեց Անգլիայի գավաթը։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը մրցեց լոնդոնյան «Չելսիի» հետ եւ տարավ կամային հաղթանակ 2։1 հաշվով` նվաճելով նաեւ Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը հանդիպման հաշիվը բացեց արդեն 5-րդ րոպեին։ Աչքի ընկավ ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը։

28-րդ րոպեին «Արսենալը» ստացավ 11 մետրանոցի իրավունք, որն արդյունավետ իրացրեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։ 67-րդ րոպեին նա դարձավ դուբլի հեղինակ։ 73-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Չելսիի» խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը։

Նախորդ անգամ «Արսենալը» Անգլիայի գավաթը նվաճել էր 2017-ին՝ դարձյալ 2։1 հաշվով պարտության մատնելով «Չելսիին»։

Անգլիայի գավաթի խաղարկություն, եզրափակիչ

«Արսենալ» - «Չելսի»՝ 2։1 (տեսանյութ)

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 28, 11մ, 67 - Կրիստիան Պուլիշիչ, 5

Հեռացում՝ Մատեո Կովաչիչ («Չելսի»), 73, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում