22:40  ,  30 հուլիսի, 2020

Արթուր Գեւորգյան. ՀԲՖ գործկոմի նիստը տեղի չի ունեցել, ընտրությունները, երեւի, հետաձգվեն

Հուլիսի 30-ին նախատեսված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը տեղի չի ունեցել. ֆեդերացիան սպասում է ընտրությունների անցկացման օրվա հաստատմանը ԱԻԲԱ-ից (սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան):

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարել էր, որ հուլիսի 29-ին ավարտվելու է թեկնածուների առաջադրման ժամկետը, 30-ին տեղի է ունենալու գործադիր մարմնի նիստը, որից հետո օգոստոսի 3-ին էլ պետք է անցկացվեր ընտրությունները:

Հուլիսի 27-ին համացանցում հայտնվեց բռցնքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նամակն ուղղված ՀԲՖ-ին, ԿԳՄՍ-ին եւ ՀԱՕԿ-ին։ Միջազգային ֆեդերացիան 14 կետերից բաղկացած հարցերի պարզաբանումներ է պահանջում ֆեդերացիայից օգոստոսի 3-ին անցկացվելիք ընտրությունների վերաբերյալ:

Պարոն Գեւորգյան, ինչո՞ւ տեղի չի ունեցել գործկոմի նիստը:

Ըստ երեւույթին բողոք է ներկայացվել ԱԻԲԱ-ին այս ընտրությունների վերաբերյալ եւ միջազգային կառույցը մեզ հուլիսի 27-ին մի շարք կետերից բաղկացած հարցերի պարզաբանումներ էր պահանջում: Ֆեդերացիան այդ կետերին եւ հարցերին պատշաճ պատասխանել է անհրաժեշտ փաստաթղթերով եւ այժմ սպասում է ԱԻԲԱ-ի պատասխանին եւ ընտրությունների օրվա հաստատմանը: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ իրավական տեսանկյունից ԱԻԲԱ-ն ընտրությունների օր հաստատող չէ: Բայց, քանի որ կան որոշ անճշտություններ ԱԻԲԱ-ի համար, այդ բոլոր հարցերի պատասխանները ֆեդերացիան գրավոր ուղարկել է: Ու քանի դեռ չենք ստացել ԱԻԲԱ-ի պատասխանը, որոշեցինք գործադիր մարմնի նիստը հետաձգել:

Մեր նամակով կցել ենք նաեւ նախարարության պատասխանը, որ համագործակցում ենք պետական կառույցի հետ: ԱԻԲԱ-ին մի շարք ապատեղեկատվություն է փոխանցվել, իբր պետական ապարատը ֆեդերացիայի հետ չի աշխատում, այնինչ չկա որեւէ խնդիր կամ վեճ նախարարության հետ այս երկու տարիների ընթացքում:

Ընտրությունները հետաձգվո՞ւմ են:

Այո, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի նաեւ օգոստոսի 3-ի ընտրությունները: Մեկ շաբաթից կլինի ընտրությունը, թե 3 օրից, դրանից ոչինչ չի փոխվելու. նույն իրավական գործընթացը կգնա: Նախարարությունն արձագանքել է մեզ եւ կտա իր ներկայացուցիչին, որը կհետեւի ամբողջ ընթացքին:

Մենք կոմպրոմիսային տարբերակի կողմնակիցն ենք եւ ամեն ինչ անում ենք, որ խոսակցություններ չլինեն: Արտահերթ ընտրություն ենք դնում, մարդիկ վախենում են գալ, մասնակցել. վատ պարողին միշտ ինչ-որ բան խանգարում է:

Թեկնածուների առաջադրումներն ավարտվա՞ծ են:

Առայժմ ունենք առաջադրված երկու թեկնածու: Նրանցից մեկն, ինչպես արդեն հայտարարել էի,  աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն է: 

Եթե ԱԻԲԱ-ն նպատակահարմար գտնի՝ եւս մի քանի օր ժամանակ տանք թեկնածուների առաջադրման համար, օրերը կավելացնենք: Եթե ոչ՝ այդ երկու թեկնածուներով կգնանք ընտրության:

Ո՞վ է երկրորդ թեկնածուն:

Երկրորդ թեկնածուն Վահագն Բադալյանն է: Գիտեմ, որ առնչություն ունի «Վիվառո» ընկերության հետ: Գիտեք, որ «Վիվառոն» հայկական սպորտի հետ համագործակցում է. իսկ բռնցքամարտի ֆեդերացիայի հետ ավելի վաղուց է համագործակցել, երկար տարիներ հովանավորչական գործունեություն է ծավալել: Շատ նորմալ եմ համարում նրանց ներկայացուցչի թեկնածությունը եւ դրական եմ գնահատում, եթե այդ կազմակերպությունը հանձն առնի ֆեդերացիայի ղեկավարությունը:  

Ամեն դեպքում՝ ինձ համար միեւնույն է, թե ով կընտրվի նախագահի պաշտոնում: Ինձ համար կարեւոր է, որ խոսակցություններ, բամբասանքներ չլինեն եւ իրավական գործընթացն անշեղորեն պահպանվի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով