16:44  ,  13 սեպտեմբերի, 2012

Ալոնսոն դառնում է Ֆետելի մղձավանջը

«Ես դեռ պահպանում եմ չեմպիոն լինելու հնարավորությունները»,- Մոնցայի Գրան Պրին ձախողելուց անմիջապես հետո հայտարարել է նախորդ երկու տարվա աշխարհի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը: Մոնցան «Ռեդ Բուլի» մղձավանջն էր. Իտալիայում աշխարհի թիմային չեմպիոնն ամբողջ կազմով ձախողեց Գրան Պրին: 10-րդ տեղից մեկնարկած Ֆերնանդո Ալոնսոն գրավեց երրորդ տեղը եւ թանկարժեք 15 միավորով առաջ մղվեց մինչեւ Մոնցայի մեկնարկը անհատական հաշվարկով երկրորդ տեղում գտնվող Սեբաստյան Ֆետտելից:    

«Արդյունքները գերազանցեցին իմ սպասելիքները»,- կարծես վախը բռնածի պես հայտարարեց «Ֆերրարիի» առաջին համարը, որը բոլոր հնարավորություններն ուներ զբաղեցնելու երկրորդ տեղը, եթե չլիներ «Զաուբերի» մրցարշավորդ Սերխիո Պերեսը: Նա առաջին տասնյակից միակն էր, ով  իր մրցելույթը կառուցեց հաշվի առնելով ոչ թե մեքենայի հնարավորությունները, թեպետ շարժիչը «Ֆերրարիինն» է, այլ՝ անվադողերի: Նախորդ օրվա որակավորման մրցումներում նա խնայել էր Medium (կիսակոշտ) տիպի անվադողերը, որոնք նրան, այսպես ասած՝ յուղը վրան պետք եկան կիրակի օրվա մրցելույթում: Կատարելով միայն մեկ պիտ կանգառ 54 շրջանանոց մրցուղու 30-րդ շրջանում, նա 12-րդ մեկնարկային տեղից այդ ընթացքում, երբ մյուսները 17-րդից մինչեւ 22-րդ շրջաններն իրականացնում էին իրենց պիտ կանգառները, հասավ առաջին տեղ: 30-րդ շրջանում «գերազանց մարզավիճակում գտնվող» անվադողեր ստանալուց հետո նա մրցուղի վերադարձավ 8-րդ տեղում եւ արդեն լավագույնը լավագույնի հետեւից արագություններ էր գրանցում յուրաքանչյուր շրջանում, որի ընթացքում շրջանցեց «Ֆերրարիի» երկրորդ համար Ֆիլիպե Մասսային, աշխարհի չեմպիոնի հավակնորդներ, ֆինն «լոտուսցի» Կիմի Ռայկոնենին եւ «Ֆերրարիի» աստղին՝ Ֆերնանդո Ալոնսոյին: Վերջինիս շրջանցելուց հետո հաջորդ թիրախը առաջին տեղում ընթացող «մաքլարենցի» Լյուիս Հեմիլթոնն էր՝ Սպայի «զոհը»:    

Ութ շրջանը Պերեսին կհերիքեր Հեմիլթոնին «ծնկի բերելու» համար, սակայն «Զաուբերի» մարզական տնօրեն Պետեր Զաուբերն ավելի ուշ ասաց, որ Սերխիոն մտադիր չէր հասնել Լյուիսին: Հեմիլթոնն առաջին անգամ հաղթեց Մոնցայում: Այսօր նա անհատական միավորների հաշվարկով երկրորդն է Ֆերնանդո Ալոնսոյից հետո, որին զիջում է 37 միավոր, այսինքն, «մեկ ու կես» հաղթանակ (հաղթանակի համար տրվում է 25 միավոր): Մոնցան ավելի թանկ նստեց Կիմի Ռայկոնենի, քան Սեբաստյան Ֆետելի վրա, քանի որ Ռայկոնենի բոլիդն ամենահուսալին է. 19 մրցելույթներից միայն նրան ու Նիկո Ռոսբերգին է հաջողվել 100 տոկոսով հաղթահարել բոլոր մրցուղիների բոլոր շրջանները: Մյուսներն այդ ցուցանիշը չունեն: Մոնցայից հետո Ռայկոնենը միավորների ընդհանուր հաշվարկով 4-րդ տեղից բարձրացավ 3-րդ տեղ եւ Հեմիլթոնի ու Ֆետտելի հետ մտավ իսկական մրցավազքի մեջ աշխարհի չեմպիոնի ամենաիրական հավակնորդ Ֆերնանդո Ալոնսոյին հասնելու համար: Ռայկոնենը հավակնորդներից միակն է, որն այս տարի դեռեւս չի հաղթել Մեծ Մրցանակի 13 խաղարկություններից ոչ մեկում, նույնիսկ «մերսեդեսցի» Նիկո Ռոսբերգը եւ «մաքլարենցի» Ջենսոն Բատոնը, որոնք միայն մաթեմատիկական հավակնություններ են պահպանում չեմպիոն դառնալու համար, հաղթել են, ընդ որում, Ջենսոն Բատոնը՝ երկու անգամ:    

Սեպտեմբերի 21-ին սպասվում է Ֆորմուլա 1-ի հմայքը՝ Սինգապուրի Մեծ Մրցանակի խաղարկությունը: Այն տեղի է ունենում մայրամուտից հետո, արհեստական լուսավորության տակ: Մրցուղին ամենաբարդերից է, այն երբեք չի բավարարել արշավորդներին, ամեն տարի որոշ հատվածներում ասֆալտը փոխում են, բայց բոլիդները, միեւնույն է, ցնցվում են, ինչպես լողացող կամրջի վրա: Սինգապուրի «մասնագետը» Ֆերնանդո Ալոնսոն է, որը հաղթել է 3 մրցելույթներից 2-ում: Ժամացույցի հակառակ ուղղությամբ տեղի ունեցող մրցաարշավը պահանջում է մեծ սեւեռվածություն, քանի որ այն տակտիկայի մրցուղի է, այստեղ շատ բան որոշում է որակավորման մրցումներում գրաված տեղը, պիտ կանգառները եւ նույնիսկ անվտանգության մեքենան՝ safety car-ը:

Մհեր Արշակյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում