22:34  +04,  23 հուլիսի, 2020

Արթուր Գեւորգյան․ Իսրայել Հակոբկոխյանն իր թեկնածությունն է առաջադրել ՀԲՖ նախագահի պաշտոնում

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը իր թեկնածությունն է առաջադրել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը:

Օգոստոսի 3-ին նախատեսված է ՀԲՖ նոր նախագահի ընտրություններ, քանի որ դեռ գործող նախագահ Արթուր Գեւորգյանը հրաժարական է տալիս:

«Ինչպես արդեն հայտարարել ենք, օգոստոսի 3-ին տեղի կունենա ֆեդերացիայի նախագահի ընտրությունները, քանի որ ես որոշել եմ հրաժարական տալ: Մինչեւ հուլիսի 29-ը կլինեն թեկնածուների առաջադրումները: Հուլիսի 30-ին տեղի կունենա ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը, որտեղ հաստատվելու են նախագահի թեկնածուները: Գործադիր կոմիտեի՝ թեկնածուների հաստատումից հետո, օգոստոսի 3-ին կանցկացվի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությունը:

Այս հայտարարությունը մենք տարածել ենք հուլիսի 19-ին, առաջադրվելու ժամկետներն ավարտվում են եւ արդեն ուրախ եմ տեղեկացնել, որ ունենք մեկից ավելի առաջադրված թեկնածու, այդ թվում եւ անվանի բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը:

Գործընթացն ամբողջությամբ օրինական է, փաստաթղթերը, որոնք պահանջել է ԱԻԲԱ-ն, մենք ուղարկել ենք: Համագործակցում ենք ԿԳՄՍ նախարարության հետ: Ընտրությունների ընթացքն ամբողջությամբ կվերահսկվի նախարարության ներկայացուցչի կողմից»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Արթուր Գեւորգյանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ղեկավարում է 2013 թվականից: 2018 թվականի օգոստոսի 2-ին տեղի ունեցած արտահերթ նիստում Գեւորգյանը վերընտրվեց նախագահի պաշտոնում, որից հետո բռնցքամարտի մի շարք ներկայացուցիչներ բողոքարկեցին՝ մեղադրելով ֆեդերացիային անօրինական ընտրություններ անցկացնելու մեջ:

Այդ ընթացքում բողոքող կողմը ստեղծեց «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» հ/կ, որի նախագահ ընտրվեց ռուսաստանաբնակ Հովհաննես Հովսեփյանը: Երկու տարիների ընթացքում նորաստեղծ ֆեդերացիայի ներկայացուցիչները ՀԲՖ-ից պահանջում էին նոր ընտրություններ: Ըստ Արթուր Գեւորգյանի, նոր ընտրություններ պահանջող հ/կ-ի նախագահը մինչ այս պահը չի առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ