09:14  +04,  21 հունիսի, 2020

Արթուր Գեւորգյան․ Եթե Ջուլֆալակյանը կողմ է քվեարկել, ուրեմն թող Ծառուկյանից ստացած նվերները վերադարձնի

Եթե Արսեն Ջուլֆալակյանը համաձայնությունը տվել է եւ կողմ քվեարկել միջնորդություններին, ուրեմն թող բարի լինի, Գագիկ Ծառուկյանի կողմից բոլոր ստացած նվերները հետ վերադարձնի, արհամարհի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանը:

Պարոն Գեւորգյան, ստեղծված իրավիճակում մարզիկները չեն կարողանում զերծ մնալ միջամտությունից: Որքանո՞վ է ճիշտ մարզաշխարհի, մարզիկների միջնորդությունը քաղաքական հարցերում:

Տեսանելի է, որ մարզիկները հնարավորինս փորձում են չլինել քաղաքականության մեջ, բայց այստեղ այդ դեպքը չէ, սա քաղաքականության մեջ խառնվել չէ, կամ մուտք գործել չէ:  Խոսքը ՀԱՕԿ նախագահի մասին է: Թողնենք ՀԱՕԿ նախագահի ով լինելը, տեսակը, կերպարը, լավ, թե վատ կողմերը. բնական է, որ մարզիկներից շատերը կարող էին արձագանքել, իրենց աջակցությունը հայտնել:

Այն, ինչ տեղի ունեցավ Ռոման Ամոյանի հետ, նույն հաջողությամբ կարող էր լինել այլ անվանի մարզիներ հետ, որոնք ցանկանային իրենց անհանգստությունը հայտնել տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Դա չի նշանակում, որ իրենք դեմ են, կամ կողմ. իրենք անհանգստացած են ՀԱՕԿ նախագահի համար: Գագիկ Ծառուկյանը նրանց ավագ գործընկերն է, մարզական ղեկավարը, իհարկե, կարող են որպես նորմալ մարդ, տղամարդ, ունենալ անհանգստություններ: Եվ սա հիմք չի, որ այդ անհանգստության պատճառով այդպես խուլիգանավարի փորձեն մարզիկի հետ վարվել:

Ռոման Ամոյանը միտինգ չէր անում:  Նրա նկատմամբ մոտեցումն ի սկզբանե շատ տգեղ էր,  խուլիգանավարի՝ «տարեք սրան», «պառկացրեք սրան», «երկու հոգով վեկալեք, տարեք»...10 հոգով չէիք կարողանում տեղաշարժել, այն դեպքում, երբ մարզիկն իրեն կոռեկտ էր պահում, նույնիսկ պահի տակ կասկածում՝ իրեն ասֆալտին փռողները հաստա՞տ ոստիկաններ են, որովհետեւ նրանց պահվածքը չէր խոսում ոստիկան լինելու մասին: Ռոման Ամոյանը բավականին ճանաչված եւ անվանի մարզիկ է եւ չեմ կարծում, որ նրան չէին ճանաչել, այն դեպքում, երբ կողքից էլ հուշում էին՝ ով է: Կարծում եմ՝ ինչ-որ տեղից ինֆորմացիա կար, որ Ամոյանը ՀԱՕԿ նախագահին նվիրված մարդ է, իր անհանգստությունն է հայտնել, որովհետեւ հենց նրա հայտնվելուն պես, ագրեսիվ հարձակում եղավ մարզիկի վրա: Հետաքրքիր է, եթե Ամոյանը միայնակ չլիներ, լինեին տասը լավագույններով, բոլոր անվանի մարզիկներով, նույն կե՞րպ էին վարվելու: Ի՞նչ պետք է անեին, ամբողջ գունդն էին հանելո՞ւ մարզիկների դեմ: Սա արդեն ժողովրդի դեմ չէր գործողությունը, այլ հերոսի դեմ: Ի՞նչ ենք ուզում ապացուցել,  պայքար հերոսների դե՞մ: Ամոթ է, չի կարելի: Ապագա չունի այն երկիրը, որտեղ իր հերոսների հետ վարվում են նման կերպ: Ես կասկած չունեմ, որ եթե այնտեղ լիներ Արթուր Ալեքսանյանը, նույն կերպ կվարվեին նաեւ նրա հետ. որեւէ տարբերություն չէին դնի:

Մինչեւ մարդու մեղքը ապացուցված չէ, նա անմեղ է եւ Ամոյանի անհանգստությունը, քայլը շատ ողջունելի էր, նորմալ: Չեմ կարծում, որ փորձ արվեր Ամոյանի հետ երկխոսության գնալ, նա ինչ-որ խնդիր ստեղծեր: Ուղղակի դիտավորյալ փորձ արվեց նրան հեղինակազրկել, ցույց տալ, որ ձեր հեղինակությունը մեր նոր Հայաստանում ոչ մի բան է:

Հայկական մարզաշխարհը լուռ է տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Ի՞նչն է լռության պատճառը:

Լավ օրից չի: Այդ լռությունը չի խոսում ճիշտ, լավ Հայաստանի մասին, չի խոսում մարզիկների անկախ լինելու մասին: Ես կցանկանայի, որ իրենք արտահայտվեին՝ լավ, թե վատ:

Այսինքն՝ քաղաքական բուռն իրադարձությունների այս շրջանում մարզիկների արձագանքը կամ միջամտությունը ճի՞շտ եք համարում:

Տեսեք, Ռոման Ամոյանը երբեք ինձ ընկեր չի եղել: Ոչ վաղ անցյալում Օլիմպիական կոմիտեն օգտագործել է նույն Ամոյանին, մի շարք մարզիկներին բռնցքամարտի ֆեդերացիայի հետ կապված խնդիրներում խառնակչություններ ստեղծելու համար: Ոչ մի դեպքում ես չեմ արդարացնում Գագիկ Ծառուկյանի գործողություններն իր գործունեության հետ կապված: Խոսքը վերաբերում է տվյալ էպիզոդին, որ մարզիկը ներկա է այնտեղ եւ իր անհանգստությունն է հայտնում:

Մի շարք մեղքեր եւ սխալ գործելաոճ կարող է ունեցած լինի օլիմպիական կոմիտեի նախագահն, որի մասին ես արտահայտվել եմ, խոսել եմ: Այժմ դրանց մասին չեմ ցանկանում խոսել, քանի որ սովոր եմ, երբ մարդը ձիգ կանգնած է, այդ ժամանակ տվյալ մարդու հետ պայքարել, այլ ոչ թե, երբ բոլոր կողմերից հարձակվել են եւ նա ճոճում է: Ինձ էլ շատ բաներ դուրս չեն գալիս, շատ բաներ դուր չեն եկել:

Լավ կլիներ, որ եթե ՀԱՕԿ նախագահը որոշել էր լուրջ քաղաքական հայտարարություններ անել՝ շատ կոշտ ձեւակերպումներով, ուրեմն պետք է մնար նույն դիրքի եւ ձեւի մեջ, այլ ոչ թե գնար Ազգային ժողովի ամբիոնը գրկեր եւ խնդրեր այնտեղից: Սա հակասական է եւ պատվաբեր չէ:

Արսեն Ջուլֆալակյանը կողմ քվեարկեց Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու դատախազության միջնորդությանը, ինչն արժանացավ բազմաթիվ քննադատությունների: Տեղի՞ն են նրա հասցեին հնչող քննադատությունները:

Գուցե նա ունի իր անձնական խնդիրները. չեմ կարող ասել: Այն, ինչ արեց Արսեն Ջուլֆալակյանը, ճիշտ չէր: Կարելի էր ուղղակի չմասնակցել այդ քվեարկությանը: Դրանով ոչինչ չէր փոխվելու, հարց չէր որոշվելու: Չգիտեմ՝ գուցե նոր Հայաստանում դրվածքն ա՞յլ է՝ իր չմասնակցությունը կդիտարկվեր որպես դավաճանություն սեփական թիմի նկատմամբ, կջղայնանային, կկանչեին, նկատողություն կտային: Շատ ավելի վատ էր մասնակցելը եւ համաձայնություն տալը դատախազության միջնորդությանը: Կարելի էր համարձակություն ունենալ եւ ուղղակի ձեռնպահ լինել:

Արսեն Ջուլֆալակյանն ասել էր, թե իր համար ցանկալի չէ այն, ինչը կատարվում է Ծառուկյան Գագիկի հետ, բայց... Այդ «բայցն» արդեն ամոթն է: Եթե չես ցանկանում, ուրեմն վարվեիր այնպես, ինչպես որ սիրտդ, գիտակցությունդ քեզ կհուշեր: Նրա քայլի տրամաբանությունը չհասկացա:

Ես մի տեղ հարցադրում կարդացի, թե պատրա՞ստ է արդյոք Արսեն Ջուլֆալակյանը Ծառուկյանի նվիրած տունը, ավտոմեքենան որպես կաշառատուի կողմից նվիրած կաշառք վերադարձնել պետությանը: Ես կասեի ճիշտ հարցադրում էր: Ջուլֆալակյանը եւ եւս մի քանի մարզիկներ կարծես պատասխանել էին, որ դա Ծառուկյանի նվերը չէ, այլ իրենց քրտինքն է: Այդտեղ «հոպ». չկա աշխարհում որեւէ օլիմպիական կոմիտե, որտեղ օրենքով գրված է, թե կոմիտեի նախագահը պարտավոր է մարզիկին պարգեւատրումներ տալ: Դա բացառապես տվյալ ժամանակահատվածում օլիմպիական կոմիտեի նախագահի քմահաճույքն է, իր որոշումն է: Այս տարիների ընթացքում հենց այդպես՝ ըստ քմահաճույքի էլ շարժվել են՝ որոշումներ են կայացրել, թե ում պարգեւատրել, ում՝ ոչ: Որպես օրինակ՝ Բաքվի Խաղերից հետո Գագիկ Ծառուկյանը բոլոր մարզիկներին ավտոմեքենաներ նվիրեց՝ բացառությամբ Նարեկ Աբգարյանի, որովհետեւ նա բռնցքամարտիկ էր եւ Արթուր Գեւորգյանի ղեկավարած ֆեդերացիայից էր: Այսինքն՝ սա կոմիտեի նախագահի զուտ ցանկությունն է՝ ում ուզում տալիս է, ում ուզում չի տալիս եւ դիտարկվում է, որպես բարի կամքի դրսեւորում, ոգեւորում մարզիկներին: Որքան պետական պարգեւներն են, կարծում եմ՝ դրանից ավել գումար տալիս էր ՀԱՕԿ նախագահը, եթե ոչ համարժեք: Այնպես որ, որեւէ մարզիկ իրավունք չունի ասել՝ դա իմ քրտինքն է, ոնց կարող էին չտալ:

Եթե Արսեն Ջուլֆալակյանը համաձայնությունը տվել է եւ կողմ քվեարկել միջնորդություններին, ուրեմն թող բարի լինի, բոլոր ստացած նվերները հետ վերադարձնի, արհամարհի: Ուրեմն թող ցույց տա, որ սխալվել է եւ փոշմանել, որ եղել է նման սպորտային թիմում: Երկար տարիներ է պահանջվում մարզիկից չեմպիոն, հեղինակություն դառնալու համար, դրանից զրկվելը մեկ վայրկյան է:

Իմ աչքի լույսը չի եղել ՀԱՕԿ նախագահը, բազմիցս բարձրաձայնել եմ իրենց ապօրինի գործունեության վերաբերյալ, բայց ոչ մեկ չէր արձագանքում: Նույն պետական ապարատը չէր արձագանքում, որովհետեւ այդ պահի դրությամբ համագործակցում էին, օգտագործում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ծպտուն չէին հանում:

Ձեր գնահատականը ո՞րն է երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ 

Ունենալով նման մեծ, ֆանտաստիկ հնարավորություն ամեն ինչ ճիշտ գծերի վրա դնելու համար, մեծ վստահությունը ժողովրդի կողմից եւ այսքան արագ ապականել, փչացնել, ոչնչացնել, զրոյացնել այդ ամենը, ապշելու է: Ես կհամաձայնեի իշխանության նմանատիպ քայլերի հետ, երբ դա լիներ հեղափոխության հաջորդ օրը, հաջորդ ամիսների ընթացքում եւ բոլոր օլիգարխներին վերաբերվեր: Գործողությունները պետք է սկսվեին շատ վաղուց: Քմահաճ մոտեցում է՝ Գագիկ Ծառուկյանն է այս պահին խանգարողը, գործ հարուցենք նրա դեմ, իսկ մյուս օլիգարխները տաքուկ թող նստեն իրենց հիմնադրամներում, դեռ պետք են: Նման արդարությունը հանդուժելի չէ, նման արդարության դեմ պայքարել է պետք, որովհետեւ տանում է կործանման: Ես նոր հեծանիվ չեմ հորինում. երկար տարիներ լինելով վարչապետի հետ նույն Ազգային ժողովում, իր շուրթերից լսել ենք երկիրը թալանելու մասին՝ օդից կախված լուրերով, ձեռքի տակ ունեցած փաստաթղթերով: Դե ուրեմն՝ թող իր խոսքի տեր մարդ լինի: Ոչինչ չի արվել այս երկու տարիների ընթացքում:

Այն, ինչ տեղի է ունենում այժմ Հայաստանում քաղաքական հետապնդում է: Նույնիսկ կաշառքի վերաբերյալ մեղադրանքները հավատ չեն ներշնչում: Ինձ թվում է սա ավելի շատ վախեցնելու ֆարս է, ոչ մեկին էլ չեն ցանկանում դատել, ուղղակի ուզում են վախեցնել, որպեսզի չխանգարեն իրենց: Արտակարգ դրությունն այսօր օգտագործվում է ժողովրդի կամարտահայտությունը ճնշելու համար: Ժողովուրդն այսօր շատ ավելի քիչ իրավունքներ ունի, քան երբեւէ որեւէ իշխանության ժամանակ: Այսպես չի մնա: Մենք էմոցիոնալ ժողովուրդ ենք եւ ինչպես էմոցիոներով Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին բերեցինք իշխանության, նույն տեմպով էլ կհեռացնենք:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով