20:29  ,  7 մայիսի, 2020

Ազգերի գավաթ․ Լեւոն Արոնյանը խաղաց ոչ ոքի

Շախմատի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած Ազգերի գավաթի առցանց խաղարկության (արագ շախմատ) 6-րդ տուրում Եվրոպայի հավաքականը մրցեց ռուսների հետ եւ հաղթեց 2,5։1,5 հաշվով։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Վլադիսլավ Արտեմյեւի հետ, որին պարտվել էր առաջին տուրում։

Եվրոպայի թիմին հաղթական միավորը բերեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որը սեւերով պարտության մատնեց Յան Նեպոմնյաշչուն։

6-րդ տուրի մյուս դիմակայություններում ԱՄՆ-ի հավաքականը 2,5։1,5 հաշվով հաղթեց հնդիկներին, Չինաստանի թիմը 3,5։0,5 հաշվով ուժեղ էր մնացյալ աշխարհի թիմից։

Առաջատարը Չինաստանն է՝ 11 միավոր։ Եվրոպայի հավաքականը 9 միավորով երկրորդն է։ ԱՄՆ-ի թիմն ունի 7, Ռուսաստանը՝ 5, Հնդկաստանն ու մնացյալ աշխարհի հավաքականը՝ 2-ական միավոր։

Հիշեցնենք, որ նախորդ երեք պարտիաներում Լեւոն Արոնյանը հաղթել էր հնդիկ Գուջրատի Վիդիտին, ԱՄՆ-ի թիմը ներկայացնող կուբացի Լենիեր Դոմինգեսին եւ մնացյալ աշխարհի հավաքականի անդամ, իրանցի Ալիռեզա Ֆիրուջային։

Մինչեւ մայիսի 9-ը երկու շրջանով կանցկացվի խմբային փուլը։ Ամեն օր կանցկացվի երկու տուր։ Մայիսի 10-ին երկու լավագույն թիմերը կմրցեն սուպերեզրափակիչում։

Մրցանակային հիմնադրամը 180 հազար դոլար է։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում