11:40  ,  21 ապրիլի, 2020

«Նյուքասլի» նոր սեփականատերը ցանկանում է թիմում տեսնել Գրիզմանին

Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմյեր լիգա:

The Sun-ի տեղեկություններով՝ 29-ամյա Գրիզմանին ցանկանում է իր թիմում տեսնել «Նյուքասլի» նոր սեփականատերը՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ բին Սալմանը, որը մտադիր է «Նյուքասլը» դարձնել Անգլիայի առաջատար ակումբներից մեկը և պատրաստվում է խոշոր ներդրումներ կատարել ակումբում՝ ձեռք բերելով աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին:

«Նյուքասլի» ձեռքբերման մասին կողմերը դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել: Հայտնի է, որ անգլիական ակումբի դիմաց Մոհամադ բին Սալմանի հիմնադրամը վճարելու է 340 միլիոն բրիտանական ֆունտ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Նյուքասլի» նոր սեփականատերը ցանկանում է ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին:

Անտուան Գրիզմանը Մադրիդի «Աթլետիկոյից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը՝ 130 միլիոն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում