11:11  ,  21 ապրիլի, 2020

«Բացահայտելով տաղանդների». «Ալաշկերտից»` Իտալիա (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտասահմանում հանդես եկող և ապագայում Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող երիտասարդ հայ ֆուտբոլիստների:

Իտալական USD Gassino-ի պատանեկան թիմում հանդես է գալիս 17-ամյա կենտրոնական հարձակվող Վահե Մանուկյանը:

«Վահեն սկսել է ֆուտբոլով զբաղվել 10 տարեկանից «Ալաշկերտում»: Իտալիա ենք տեղափոխվել 2 տարի առաջ»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է ֆուտբոլիստի հայրը՝ Արման Մանուկյանը:

«ԱԼԱՇԿԵՐՏԻՑ»` «ԱՏԱԼԱՆՏԱՅԻ» ՔՈւՅՐ ԱԿՈւՄԲ

«Էդուարդ Ավդալյանի գլխավորությամբ «Ալաշկերտի» պատանեկան թիմում հանդես գալու տարիներին Վահեի մոտ առաջընթաց նկատվեց, ինչից հետո մենք տեղափոխվեցինք Իտալիայի Թուրին քաղաք:

2018/19 մրցաշրջանում KL Pertusa-ի կազմում Վահեն 25 խաղում դարձավ 12 գոլի հեղինակ, ինչից հետո նրան նկատեցին USD Gassino-ի սկաուտները: Դա «Ատալանտայի» քույր ակումբն է, որի կազմում իմ որդին ընթացիկ մրցաշրջանի 15 խաղում արդեն դարձել է 8 գոլի հեղինակ:

Իտալիայում Վահեին կոչում են «bomber»՝ ռմբարկու: Նա հանդես է գալիս USD Gassino-ի Մ-17 և Մ-18 տարեկանների թիմում, սակայն շուտով կհամալրի Մ-19 տարեկանների թիմի կազմը»:

ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ

«Վահեի երազանքն է դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և հրավեր ստանալ Հայաստանի պատանեկան և, իհարկե, ազգային հավաքականից: Իմ որդին ամբողջությամբ նվիրվել է ֆուտբոլին, և ես հուսով եմ, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի»:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով