14:14  ,  23 մարտի, 2020

Գեղամ Կադիմյանը՝ «Նեմանի» կազմում իր նորամուտի, կորոնավիրուսի և Գենիչի մեկնաբանության մասին

Բելառուսի առաջնության մեկնարկային տուրում «Նեմանը» հյուրընկալվելիս խաղավերջում բաց թողած գոլի պատճառով նվազագույն հաշվով պարտվեց «Իսլոչին»:

Հյուրերի կազմում նորամուտը նշեց Երևանի «Ալաշկերտից» հեռացած Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը, որը խաղադաշտում անցկացրեց 59 րոպե:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 27-ամյա ֆուտբոլիստը խոսել է իր նորամուտի, կորոնավիրուսի և Կոնստանտին Գենիչի մեկնաբանության մասին:

«Դժվար է խաղալ, երբ ամբողջ աշխարհում նման իրավիճակ է տիրում: Գիտենք, որ շատերն են կարոտել ֆուտբոլը: Հուսով եմ, որ մեր խաղով կարող ենք որոշ դրական լիցքեր փոխանցել: Մենք մտովի աջակցում ենք նրանց, ովքեր փորձում են աշխարհը պաշտպանել այդ վիրուսից:

Ուրախ եմ, որ Բելառուսի առաջնությունում նորամուտս նշեցի «Նեմանի» կազմում: Գիտեինք, որ այս հանդիպումը հեռարձակվում է շատ երկրներում, ինչը հավելյալ մոտիվացիա էր մեզ համար: Ուրախ եմ, որ հանդիպումը ցուցադրել են նաև «МАТЧ» ալիքով: Մինչ այս Կոնստանտին Գենիչն իմ մասնակցությամբ հանդիպումները մեկնաբանել էր միայն համակարգչային խաղերում (ծիծաղում է):

Ես իսկապես ուզում եմ, որ ամեն ինչ հնարավորինս արագ իր տեղն ընկնի: Մեր թիմի անունից բոլորին մաղթում ենք առողջություն, համբերություն և ուժ: Հուսով եմ, որ շուտով երկրպագուներն կկարողանան իրենց սիրելի թիմերի խաղերին հետևել ստադիոններից»,- նշել է Կադիմյանը:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով